Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեր էր առաջին հայացքից, փաստորեն այն ճշմարիտ է»

Փետրվար 08,2012 15:30

Աննան երբեք պատահականությունների եւ առավել եւս ճակատագրին չէր հավատում: Միշտ կարծել է, որ ամեն մարդ իր ճակատագրի տերն է եւ գոյություն չունի այնպիսի ուժ, որը կկարողանա կառավարել մարդուն: Բայց այժմ կյանքին եւ իր սիրային պատմությանը այլ բնորոշում տալ չի կարողանում. «Ի՞նչ է, եթե ոչ ճակատագիր»,-ասում է Աննան: «Առաջին հանդիպումը Հայկի հետ եղել է շուրջ երկու տարի առաջ՝ երթուղային տաքսիում: Ինչպես բոլորիս քաջ հայտնի եւ ցավալի մի փաստ՝ երթուղայինում նստելու տեղ չկա: Կանգնած է մի երիտասարդ տղա, որի դեմքը դեռ չեմ տեսել»,-պատմում է Աննան: Սակայն Աննայի անհարմար լինելը հասցրել էր նկատել Հայկը, որը եւս չէր տեսել Աննայի դեմքը. «Հասկացա, որ աղջկա կանգնած դիրքը շատ անհարմար է եւ առաջարկեցի այնպիսի տարբերակ, որն համեմատաբար ավելի հարմար կլինի ու ի զարմանս ինձ, նա մերժեց, ասելով, թե նորմալ է»,-ասում է Հայկը: Հայկի առաջարկը սկզբում տարօրինակ, այնուհետեւ մտածմունքների մեջ է գցում Աննային, վերջինս էլ հարցական երանգով ասում է. «Ներեցեք, կարող է Ձեզ խանգարում եմ»: Հայկի պատասխանը մի փոքր անսպասելի, բայց գեղեցիկ ժպիտ է առաջացնում Աննայի դեմքին, որը շատ արագ նա փորձում է թաքցնել. «Չէ՛, ինձ հիմա միայն իմ բոյը կարող է խանգարել»,- ժպտալով ասում է Հայկը: Հենց այդ ժամանակ էլ նրանց հայացքները բախվում են միմյանց: «Երբ մեր հայացքները համընկան ես մի պահ աչքերս փակեցի եւ ինքս ինձ ասացի՝ Աննա քեզ հավաքի, հնարավոր չի, դու չես կարող հիմա սիրահարվել, հիմա ամենից առաջնայինը քո ուսումն է»,-ասում է Աննան,  Հայկն իր զբացումն է ներկայացնում. «Երբ ես նայեցի նրա աչքերին, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, ասես ես իրեն վաղուց է ինչ ճանաչում եմ: Ասես ես էդ պահին գտել եմ այն աղջկան, ում փնտրել եմ: Ամենից շատ ինձ դուր եկավ նրա արտաքինը, համեստությունը, ամոթխածությունը, ասես իդեալական հայուհու կերպար լիներ: Երբ հաճախակի դարձավ հայացքս նրա դեմքին, նա շրջեց դեմքը եւ ամբողջ ճանապարհին թույլ չտվեց եւս մեկ անգամ նայելու: Եթե անկեղծ, ապա ասեմ, որ այն ինձ նյարդայնացրեց, բայց մյուս կողմից ինձ ավելի հաճելի էր նրա նման պահվածքը, որը էլ ավելի մեծացրեց ընթացքում վաստակած հարգանքը նրա նկատմամբ»: Հայկը երթուղայինում միայնակ չէր. նրա մայրը առողջական խնդիրներ ուներ եւ վերջինիս ուղեկցում էր հիվանդանոց՝ բուժզննման: «Նա նայեց դեմքիս եւ ասաց, թե վճարված է, կարող եմ չվճարել եւ երթուղայինից իջան. ոչինչ ասել չկարողացա, բայց ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, ասես մենք դեռ էլի կհանդիպենք»,-ասում է Աննան: Անցնում են ամիսներ, նրանք այդպես էլ չեն հանդիպում, բայց երկուսն էլ խոստովանում են, որ այդ ընթացքում չի եղել այնպիսի մի օր, որ միմյանց չհիշեն, չկարոտեն եւ ամենակարեւորը՝ իրենք իրենց չնախատեն. «Միշտ մտածում էի այդ օրվա եւ իր մասին ու սկսում էի ինքս ինձ վրա բարկանալ, մտածելով գուցե նրա կյանքում այս ընթացքում ինչ-որ մեկը հայտնվել է, իսկ ես հիմարաբար նրա մասին եմ մտածում»,-ժպտալով ասում է Աննան, իսկ Հայկը խոստովանում, որ ամեն ինչ արել է նրան գտնելու համար. «Նույնիսկ գրանցվեցի տարբեր սոցիալական ցանցերում՝ կարծելով, որ նման ձեւով կկարողանամ գտնել, բայց ինչպես կարող էի, երբ անունն անգամ չգիտեի>>: Անցավ մեկ տարի, միմյանց մոռանալ չկարողացան, բայց երկուսն էլ կորցրել էին իրենց հավատը, թե կգա մի օր եւ կրկին կհանդիպեն: Մեկ տարի անց՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, Հայկի ընկերը համոզում է Հայկին միանալ իրեն եւ գնալ Սուրբ Սարգիս եկեղեցի: Այդ նույն ժամանակահատվածում Աննան իր քույրիկի հետ որոշել էին՝ իրենք էլ գնան եկեղեցի. «Ես եւ քույրս եկեղեցուց դուրս էինք գալիս ու հանդիպեցի այդ նույն երիտասարդին: Մի պահ հավատս չէր գալիս, ինձ թվում էր ես անընդհատ նրան էի փնտրում, այդիսկ պատճառով ինչ-որ անծանոթի փոխարեն նրա պատկերն եմ տեսնում»: Հայկի դեմքին ժպիտ հայտնվեց, հասկացնելով, որ հիշել է եւ որ անչափ ուրախ է. «Այդ պահին միայն մի բան էր մտքումս պտտվում, որ  այս անգամ նրան կորցնել չեմ կարող: Մոտեցա եւ ներկայացա, որին հաջորդեց փոքրիկ ու շատ հաճելի զրույցը»: Ո՜չ Հայկը եւ ոչ էլ Աննան չկարողացան ներկայացնել այն զգացողությունները, որոնք ապրել են հենց այդ հանդիպման պահին, բայց երկուսով  իրենց երջանիկ էին զգում: Հայկը եւ Աննան այս տարի Սուրբ Սարգսի տոնին նշանվեցին. «Այդ տոնը մեր կյանքում խորհրդանշական է դարձել եւ որոշել ենք, որ հարսանիքն էլ կկայանա հաջորդ տարի նույն տոնին եւ Սուրբ Սարգիս եկեղեցում»,-ոգեւորությամբ հայտնում է Հայկը: «Մի՞թե սա սեր էր առաջին հայացքից. փաստորեն այն ճշմարիտ է»,-ծիծաղելով ասում է Աննան:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829