Ըստ հոգեբանի՝ դավաճանությունը հայ կանանց բնորոշ չէ
Օրերս ամերիկյան Shinbow պարբերականը հրապարակել է իր անցկացրած հարցման արդյունքները, որը վերաբերում է աշխարհի «ամենադավաճան» կանանց եւ տղամարդկանց՝ ըստ ազգությունների:
Shinbow-ի տվյալներով, «ամենադավաճան» կանայք համարվել են նիգերուհիները, քանի որ Նիգերիայում բնակվող կանանց 62%-ը խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ դավաճանել է իր ամուսնուն։
Կարդացեք նաև
Հնգյակում տեղ են գտել թաիլանդուհիները՝ 59%, մալայզուհիները՝ 39%, ռուսները՝ 33% եւ սինգապուրցի կանայք՝ 19%։
Իսկ ինչ վերաբերում է տղամարդ «դավաճաններին», ապա այդ ցուցակը գլխավորում են թաիլանդցիները 54%-ով, երկրորդ հորիզոնականում հարավկորեացիներն են եղել՝ 34%, երրորդը՝ մալայզիացիները՝ 33%: Հնգյակը եզրափակել են ռուսներն ու հոնկոնգցիները, համապատասխանաբար՝ 32% եւ 29%-ով։
Եվ չնայած պարբերականն իր հարցմանը չի ներգրավել Հայաստանին, բայց ներգրավելու դեպքում էլ հատկապես կանանց հարցում հաստատ կսխալվեր, «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Դիանա Սարգսյանը՝ հավելելով, որ դավաճանությունը հայ կանանց բնորոշ չէ: «Հայերն այն եզակի ազգերից են, որտեղ կանայք մինչեւ մահ ու գերեզման պահպանում են ամուսնուն տված հավատարմության երդումը: Եվ եթե Shinbow-ը որոշի մեկ հատ էլ ամենահավատարիմ կանանց ու տղամարդկանց մասին հարցում անցկացնել, ապա արժե միջամտել, որ մեզ էլ ներգրավեն, որովհետեւ հաստատ առաջին եռյակում կհայտնվենք հենց կանանց մասով»:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած դավաճանությունն ամեն ազգի մոտ այլ կերպ է ընկալվում, ամեն դեպքում, հայերի պարագայում տղամարդուն դավաճանելը աններելի արարք է դիտվում. «Գուցե թաիլանդուհիների, նիգերուհիների կամ ռուսների պարագայում օտար տղամարդու հետ զվարճանալը նորմալ է, բայց հայերը դա դավաճանություն են համարում: Բայց երբ հայ տղամարդն է ժամանակ անցկացնում, զվարճանում այլ կանանց հետ, չգիտես ինչու, կանայք լռում են: Իսկ սա արդեն կանանց եւ տղամարդկանց անհավասար կարգավիճակների մասին է խոսում, չնայած Հայաստանն էլ հետ չի մնում գենդերային հավասարություն քարոզող երկրներից: Ես տեղյակ եմ, որ վերջերս Ազգային ժողովում վերջապես քննարկվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, բայց նաեւ համոզված եմ, որ այդ օրենքի ընդունումից հետո էլ տղամարդիկ շարունակելու են շահեկան վիճակում մնալ: Եվ ինչքան էլ որ օրենքը քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում սահմանի կանանց եւ տղամարդկանց իրավունքների, հնարավորությունների հավասարություն, միեւնույն է՝ իրականում այդպես չի լինելու»,- ավելացրեց Դ. Սարգսյանը:
Կրկին դառնալով «ամենադավաճաններին»՝ մասնագետը հավելեց՝ լավ է, որ գոնե այսպիսի ցուցակներում տեղեր չենք զբաղեցնում: «Ճիշտ է, մեր տղամարդիկ չեն փայլում իրենց «անդավաճանությամբ», բայց գոնե չեն էլ գլխավորում դավաճանների ցուցակները»,- ասաց Դ. Սարգսյանը:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ