Երեկ Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում մեկնարկեց աշխարհի ամենախոշոր շախմատային միջազգային մրցաշարերից մեկը՝ Aeroflot Open-ը, որն անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Մրցաշարում ուժեղագույնների A խմբում ընդգրկված 77 շախմատիստներից 75-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Բոսիոչիչին, իսկ ահա Հրանտ Մելքումյանը տանուլ տվեց պերուացի Յորգ Քորիին:
Այս խմբում է նաեւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը: Նա սեւերով միավորը բաժանեց հունգարացի Սաբա Բալոգի հետ:
Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սահմանված է 150 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ (ուժեղագույններից բացի՝ պայքար ընթանում է նաեւ B եւ C խմբերում), որից A խմբում առաջին տեղը գրավողին բաժին է հասնելու 20, երկրորդին՝ 10 եւ երրորդին՝ 7 հազար եվրո:
«Առավոտ» օրաթերթ