Լույս է տեսել «Շախմատային Հայաստան» հանդեսի հոբելյանական՝ 1000-րդ գունազարդ համարը:
Միանգամից երկու հոբելյան. 40 երկար ու ձիգ տարիներ ու 1000 համար: Առաջնորդողում հանդեսի հիմնադիր եւ անփոփոխ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնում աշխարհի իններորդ չեմպիոն մեծն Տիգրան Պետրոսյանին, որի փառահեղ հաղթանակներն ու իր ժողովրդի համար կատարած աննախադեպ գործը ծնեցին «Շախմատային Հայաստան» հանդեսը ստեղծելու գաղափարը, հայ հրաշալի շախմատիստներին՝ Տիգրան Պետրոսյանից մինչեւ Լեւոն Արոնյան, որոնք չորս տասնամյակ շարունակ իրենց հիասքանչ ելույթներով հրապարակումների անսպառ նյութ են դարձել, բոլոր նրանց, ովքեր «Շախմատային Հայաստանի» հիմնադրման պահից ամեն կերպ սատարել են հայկական շախմատային տարեգիրը դարձած հանդեսին, եւ վերջապես ընթերցողին, առանց որի ուշադրության ու հավատի հնարավոր չէր կատարել այս առաքելությունը:
«Շախմատային Հայաստանը», ավելի ճիշտ՝ հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել: «Ազդարարից» սկսած՝ նա միակն է հայ մամուլի ամբողջ պատմության մեջ, որ անձամբ ստեղծելով հանդեսը՝ 40 տարի շարունակ դրա անփոփոխ գլխավոր խմբագիրն է: Գագիկ Հովհաննիսյանն, ի դեպ, պատրաստվում է եւս մի ռեկորդ սահմանել, բայց այս անգամ՝ հեռուստատեսությունում: Արդեն 40 տարի է, ինչ նա ամեն կիրակի, միշտ նույն ժամին վարում է շախմատային հաղորդումը: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ առաջիկա ապրիլին շախմատասերները նրան Հանրային հեռուստաընկերության էկրանին կտեսնեն 2000-րդ անգամ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ