Համաշխարհային երաժշտության գանձարանում, ինչպես նաեւ կատարողական արվեստում 1950-ականներից գրանցված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը շարունակում է իր հաղթարշավը: Վերջերս հեղինակավոր BBC մեդիա-հոլդինգի կողմից հիշյալ ստեղծագործությունը արժանացել է «Դասական երաժշտարվեստի գանձ» անվանակարգում առաջին մրցանակի: Սա ապացույցն է, որ հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը շեփորի համար գրված լավագույն կոնցերտներից մեկն է աշխարհում: Այս երկը դեռեւս անցյալ դարի կեսերից ընդգրկված է աշխարհի երաժշտական հաստատությունների ուսումնական ծրագրերում, անպակաս է աշխարհահռչակ շեփորահարների նվագացանկից եւ ձայնագրվել է լավագույն ստուդիաներում: «Առավոտի» հետ զրույցում Ալ. Հարությունյանը հայտնեց, որ BBC-ի մրցանակը իր համար անակնկալ էր, իսկ հարցին, թե ստեղծագործական կյանքի ընթացքում ո՞ր մրցանակն ու պարգեւը կառանձնացնի, կոմպոզիտորը հիշատակեց «Օրփեոսը», որը ստացել է 1970-ականների սկզբում՝ իբրեւ տարվա ամենահանրահայտ ստեղծագործող: Հավելեց, որ այս պարգեւը տրվում է աշխարհի հռչակավոր երաժշտական համալսարաններում արված հարցման արդյունքում:
92-ամյա կոմպոզիտորից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ անկատար ցանկություն ունի: Մաեստրոն պատասխանեց. «Թեեւ աշխարհում փողային գործիքների համար գրված (շեֆոր, վալթորն, հոբոյ, ֆլեյտա, տրոմբոն, տուբա) 9 կոնցերտներիս կատարման առիթով դժգոհություն չեմ կարող հայտնել, սակայն կուզենայի, որ դրանք հասանելի լինեին նաեւ հայաստանցի ունկնդրին, էլ չեմ խոսում փողային գործիքների կամերային տարբեր կազմերի համար գրված մյուս գործերիս մասին, մանավանդ որ՝ մեր կոնսերվատորիայում ունենք եւ հիանալի պրոֆեսորներ, եւ երաժիշտ կատարողներ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ