Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի դերը հանդիսատես կրթելը չէ

Փետրվար 08,2012 13:50

Համոզված է երիտասարդ բեմադրիչ եւ դերասան Նարինե Գրիգորյանը

Վերջերս Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ամփոփելով տարին, «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե 2011-ը հարուստ էր միջազգային փառատոներին մասնակցություններով եւ տարբեր անվանակարգերում (լավագույն ռեժիսուրա, լավագույն ներկայացում, լավագույն դերասանական անսամբլ եւ այլն) ստացած մրցանակներով: Տիկնիկային թատրոնը մոսկովյան «Ոսկե Դիմակին», Սերբիայում, Հունգարիայում, Ղազախստանում կայացած փառատոներին ներկայացել է հիմնականում չորս՝ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթ», «Թեւավորը»՝ ըստ Մարկեսի եւ Գոգոլի «Ակակը» ներկայացումներով: Զրուցեցինք հաջողությունների «մեղավորներից» դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանի հետ: Նա ասում է, թե  երեխա ժամանակվանից սիրում էր տանը մանկական ներկայացումներ խաղալ. «Որոշ դերերի համար հատուկ շորեր էի հագնում: Թավա էի դնում գլխիս, գնչուհի խաղում՝ ծիծաղելի կիսաշրջազգեստով»:

Նարինեն «Համազգային» թատրոնի դերասանուհի է, բայց որպես բեմադրիչ հանդիսատեսին ծանոթ է հիմնականում տիկնիկային եւ մնջախաղի թատրոններում խաղացած դերերով:

«Ես շատ-շատ եմ սիրում իմ գործը, այնքան շատ, որ երբեմն կարծում եմ, թե պետք չէ այդքան սիրել: Հաճախ զգում եմ, որ իմ կյանքով ապրելու ժամանակ չունեմ: Լինում է ժամանակաշրջան, որ միանգամից հինգ դեր եմ փորձում, եւ երբ ուշ երեկոյան տուն եմ գնում, հասկանում եմ, որ բացի Սիլվիայից, Մարիանից ու մյուս դերերից, կա նաեւ Նարինե Գրիգորյան, ով պետք է սնվի, շփվի իր հարազատների հետ»,- ինքն իրենից դժգոհում է արվեստագետը:

Հանդիսատեսի կարծիքը կարեւոր  է նրա համար: «Եթե վատ եմ խաղացել, այդ օրն ավելի լավ է ինձ չտեսնել… Բեմից զգում եմ՝ հանդիսատեսն ինձ հե՞տ էր, թե՞ ոչ: Եթե նա դառնում է իմ խաղընկերը, մենք միասին կթռչենք, իսկ եթե ոչ՝ ուրեմն պետք է անընդհատ, բայց առանց ճնշման հաղթահարել պատնեշը»:

Նարինեն հակառակվում է այն մտայնությանը, թե թատրոնը պետք է հասարակություն դաստիարակի. «Տոլստոյը մի հետաքրքիր միտք ուներ, ասում էր՝ իմ գրքերն ամենաշատը մի մարդու են դաստիարակում՝ ինձ: Ես համաձայն չեմ, որ թատրոնը պետք է կրթի հանդիսատեսին: Ուրիշ բան, եթե ներկայացումը զգայական կարեւոր մի բան փոխանցի: Հատուկ դաստիարակելը քարոզ է, դպրոց, եւ ես չեմ կարծում, թե դա՛ է թատրոնի հիմնական ֆունկցիան: Պետք չէ ասել՝ բարի եղիր: Պետք է մարդուն ցույց տալ այդ բարությունը, վարակել բարությամբ»:

Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի համար էական դեր ունի դրամատուրգիան:

«Պիեսը ներկայացման կորիզն է: Եթե վատ գործ ես վերցնում ու թեկուզ լավ ես բեմադրում, միեւնույն է՝ հիմքը թույլ է լինում, իսկ եթե լավ գործ ես վերցնում, հաջողությունն արդեն կիսով չափ ապահովված է: Հատկապես շատ եմ գնահատում երիտասարդ դրամատուրգների հետ աշխատանքը. լավագույն օրինակ է Անուշ Ասլիբեկյանի հետ համագործակցությունս»,- նշում է նա:

Դասախոս Նարինե Գրիգորյանն ուսանողներին ուսուցանելու հարցում կարեւորում է ուսանողի ինքնաճանաչմանը նպաստելը. «Պետք է օգնել ուսանողին՝ հայտնաբերել իր տաղանդն ու բացահայտել հնարավորությունները: Փորձում ենք զարգացնել երեւակայությունը, ինտելեկտը, բացել ձայնը, այնպես անել, որ  դերի ժամանակ մարմինն իրեն չխանգարի: Իսկ, այ, տաղանդ սովորեցնել չենք կարող»:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829