1992թ. մարտի 12-ին Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման եւ բարեփոխումների հանձնաժողովը որոշում է կայացրել, որով Լուսաձորի տնտեսությանը պատկանող տիպային 2 ֆերմաները, խոտի ծածկը, փայտե ծածկը, սիլոսի 2 խրամատները սեփականաշնորհվել են գյուղի բնակիչ Ռաֆիկ Այվազյանին: Նա տիպային 2 ֆերմաների համար վճարել է 44 հազար 168 եւ 16 հազար 100, խոտի ծածկի եւ փայտե ծածկի համար՝ 9 հազար եւ 2 հազար 62, սիլոսի 2 խրամատների համար՝ 5 հազար 522 ռուբլի: Ռ. Այվազյանը վերոհիշյալ շինությունների տակ գտնվող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործելու համար 2008թ.-ին դիմել է Լուսաձորի համայնքապետարան, սակայն նրա դիմումը մերժվել է, պատճառաբանել են, որ դրա համար ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն: Մինչ այդ, 2004թ. հուլիսի 16-ին Լուսաձոր համայնքի նախկին ղեկավարը դիմել է Տավուշի մարզպետին, եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ պատասխանել են, որ հիշյալ օբյեկտներն օրինավոր կերպով սեփականաշնորհվել են Ռ. Այվազյանին: Վերջինս անասնապահական համալիրի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու համար դիմել է անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում: Կադաստրը դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Ռ. Այվազյանը սեփականաշնորհված շենք-շինությունների համար լուծարային հաշվին վճարված գումարի անդորրագիր եւ օբյեկտի զբաղեցրած հողամասի նկատմամբ որեւէ իրավահաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Ռ. Այվազյանը դիմել է դատարան: 2009թ. մայիսի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հաստատվել է նրա կողմից սեփականության իրավունքով վերոնշված գույքը տիրապետելու փաստը: 2008 թվականից Լուսաձոր համայնքը ղեկավարող Սուրեն Քոչարյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է նրա բողոքը: 2010թ. սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է մերժել Ռ. Այվազյանի հայցը: 2010թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս մերժել է Ռ. Այվազյանի բողոքը, վերջինս դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը 2011թ. հուլիսի 7-ին նրա բողոքը բավարարել է մասնակիորեն ու բեկանելով վերաքննիչի որոշումը՝ գործն ուղարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Վերջինս 2011թ. նոյեմբերի 18-ին բավարարել է Ռ. Այվազյանի հայցը: Լուսաձոր համայնքի ղեկավարի ներկայացուցիչը բողոքարկել է այս վճիռը: Այս տարվա փետրվարի 1-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է վերաքննիչ բողոքը, վճիռը պետք է հրապարկվի փետրվարի 9-ին: Ռաֆիկ Այվազյանը զարմանում է, որ 20 տարի առաջ անասնապահական ֆերմաներ սեփականաշնորհած մյուս լուսաձորցիների ֆերմաների նկատմամբ գյուղապետ Սուրեն Քոչարյանը հավակնություններ չի ցուցաբերել, միայն իր անասնապահական համալիրի հանդեպ է դրսեւորում: Ռաֆիկի համոզմամբ՝ պատճառն այն է, որ ինքը մյուսների նման ֆերման չի քանդել, պահպանել է, եւ այն հիմա մեծ գին ունի: Ի դեպ, Լուսաձորի համայնքի ղեկավարը անասնապահական ֆերմաների եւ մյուս գույքի նկատմամբ համայնքի իրավունքները վիճարկում է առանց համայնքի ավագանու որոշման: Մինչ կսկսվեր պտտվել դատական այս «կարուսելը», 2008թ. առքուվաճառքի պայմանագրով սիլոսի 2 խրամատների նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Արծրուն Նազարյանը: Վերջինս ծագումով լուսաձորցի է, Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչն է, Տավուշի ֆերմերների ասոցիացիայի նախագահը: Ի դեպ, Արծրունը Ռաֆիկ Այվազյանի քեռու տղան է: Եղա Լուսաձորում, ֆերմայում հանդիպեցի համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի հորը՝ Ֆրոնտիկ Քոչարյանին, որը ֆերմայում կովեր էր խնամում: Գյուղապետի եղբայրն էլ այստեղ կթվոր է աշխատում: Ռաֆիկ Այվազյանի կողմից 20 տարի առաջ սեփականաշնորհված ֆերմայում 2010թ. պահվել են «Հայաստան» հիմնադրամի ներկրած 50 կովերը, որոնք հետո բաժանվել են Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին: 2011 թ.-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր է կնքել: Դրա շրջանակներում, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի միջոցով ներկրվել են «ջերսեյ» տեսակի հղի 80 կովեր: 2011թ. նոյեմբերից դանիական ծագումով այդ կովերը պահվում են վիճահարույց ֆերմայում: Ռաֆիկը դեմ չէ, որ կովերն այստեղ պահվեն, միայն ցանկանում է հաստատել ֆերմայի նկատմամբ սեփականության իր իրավունքը: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Ռոբերտ Նավասարդյանի (որը հաճախ է լինում Լուսաձորում) մտքով չի անցնո՞ւմ, թե ո՞ւմ ֆերմայում եւ ի՞նչ հիմունքներով են պահվում Հայաստան ներկրված կաթնատու կովերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև