Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջրի շշով եւ փայտե մահակներով հարվածել էին գլխին

Փետրվար 08,2012 13:38

Մականունավոր հայուհիները մեքենայի տակ ճզմել էին տուժողին՝ «Մամա Ռոզա» ասելու համար

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր արդեն 3-րդ անգամ հետաձգվեց Ելենա Սողոմոնյանի, Լիլյա Խաչատուրովայի, Աննա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատարանը այլ քրեական գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում:

Նախորդ դատական նիստին չէր ներկայացել Սողոմոնյանի եւ Խաչատուրովայի թարգմանությունն իրականացնող Վարդուհի Շահինյանը: Այս անգամ եկել էր: Նախորդ դատական նիստին ամբաստանյալները ասել էին, թե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն ու բողոքները թարգմանված չեն ստացել, սակայն թարգմանչուհին «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին նրանք ստացել են այդ թարգմանությունները:

Քրեական գործի նախապատմությունը հետեւյալն է:

Ելենան եւ Լիլյան 2010թ. սեպտեմբերի 17-ից գտնվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Անցյալ տարվա նոյեմբերի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ելենա Սողոմոնյանը դատապարտվել է 7 տարվա, Լիլյա Խաչատուրովան՝ 5,5, իսկ Աննա Ղազարյանը՝ 5 տարվա ազատազրկման:

Քրեական գործով տուժող է ճանաչվել Նաիրա Թարվերդյանը, որին էլ ծանր մարմնական վնասվածք էին հասցրել իրական կյանքում մականուններով հայտնի այս կանայք՝ «Կարիճը»՝ Լիլյա Խաչատուրովան, «Փիղ Էլենը»՝ Ելենա Սողոմոնյանը եւ «Պուշոկը»՝ Աննա Ղազարյանը:

Ըստ քրգործի նյութերի, Ելենային հայտնի է դառնում, որ Նաիրա Թարվերդյանն իրեն «Մամա Ռոզա» է ասել: «Փիղ Էլենը» «ռազբորկայի» նպատակով «Մաշա» մականունով հայտնի Նունե Ամիրխանյանի եւ «Կարիճի» hետ՝ վերջինիս վարած «Պորշե Կայեն տուրբո-4, 5» մակնիշի 46 SL 444 պ/հ մեքենայով գնում են Թարվերդյանի տուն: Ինչպես տղամարդկանց պարզաբանումների ժամանակ է լինում, հեռախոսով Խաչատուրովան տուժողին կանչում է դուրս:

Տուժողը դուրս է գալիս, նստում մեքենան, իսկ փափկասուն կանայք մեքենան կայանում են Էրեբունու «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ: Նունեն ասում է, որ Փիղը «Շեֆն» է, այսինքն՝ «Մամա Ռոզան»: Ելենան ձեռքի գարեջրի շշով հարվածում է Թարվերդյանի գլխին, մեքենայում գտնվող փայտե մահակներով Խաչատուրովայի հետ հարվածում Նունեին:

«Պուշոկը» մեքենայում պահել էր Նունեի ձեռքերը, այդ իսկ պատճառով նա անզոր էր դիմադրելու: Դրանով չբավարարվելով՝ կանայք Նունեին իջեցնում են մեքենայից ու հարվածում են անխնա՝ ոտքերով, մահակով, ձեռքերով: Տուժողը ստանում է գլխուղեղի սալջարդ, գանգուղեղին վնասվածք, քերծվածքներ:

Դատավճռով ապացուցված էր համարվել նաեւ այն, որ արյունլվա վիճակում տուժողին նստեցնում են մեքենան, ապա՝ Սասունցի Դավիթ փողոցի եւ Ազատամարտիկների խաչմերուկում ընթացող մեքենայից հրելով՝ դուրս են գցում: Խաչատուրովան հընթացս մեքենայով շրջադարձ է կատարում, անվադողով հարվածում ընկած տուժողին: Ըստ փորձագիտական եզրակացության, Նունեն ստացել էր «բազմաբեկորային կոտրվածքների ձեւով ծանր վնասվածք»: Հայտնի սերիալի հերոսուհուն դատարան էին բերել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:

Դատական առաջիկա նիստի օրը հայտնի չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. […] Փնտրտուքների արդյունքում համակուրսեցիս գտավ այս նյութը՝ Գարեջրի շշով եւ փայտե մահակներով հարվածել էին գլխին: […]

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829