Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած նորածնի ծնողները դիմում են դատախազին եւ ոստիկանապետին

Փետրվար 08,2012 13:29

2010 թվականի նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել: Երեկ նամակով «Առավոտի» խմբագրություն են դիմել մահացած նորածնի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանն ու Ծովինար Համբարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ քրեական գործը կրկին փորձում են կոծկել: Ըստ նամակի բովանդակության.

«Նշենք, որ ոստիկանության Մաշտոցի շրջանի քննչական բաժնում քննվող քրգործը նախկինում մեկ անգամ արդեն քննիչի որոշմամբ կարճվել էր, սակայն, ի պատիվ Երեւան քաղաքի դատախազ Հ. Բադալյանի, որոշման օրինականության ստուգման արդյունքում քննիչի կողմից կայացված եւ Մաշտոցի շրջանի դատախազության կողմից հաստատված ապօրինի որոշումը վերացվել էր, գործը կրկին քննության էր ուղարկվել, եւ դատախազի կողմից նշվել էին թերություններն ու տրվել էին մի շարք ցուցումներ: Այնուհետեւ գործի շրջանակներում նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացրել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված հանձնաժողովը, սակայն, նախորդ անգամվա պես, այս անգամ եւս բժիշկները բժշկի սխալները չեն արձանագրել, արդյունքում՝ եզրակացությամբ չեն պատասխանել Երեւան քաղաքի դատախազի ցուցումի համաձայն քննիչի կողմից տրված կոնկրետ հարցերին, այլ դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից՝ փորձել են իրավական գնահատական տալ կատարվածին եւ եզրակացության մեջ նշել, որ բուժաշխատողների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ցույց է տրված ամբողջ ծավալով եւ մասնագիտական պարտականությունները կատարվել են պատշաճ… Հիշեցնենք, որ նախկինում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծված մեկ այլ հանձնաժողով, փաստաթղթերն ու բոլոր հանգամանքներն ուսումնասիրելով, տվել է եզրակացություն, որով արձանագրել է բժշկի սխալները եւ դրա հիման վրա նախարարի կողմից գլխավոր մեղավոր մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանին տրվել է խիստ նկատողություն: Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ բժշկական պատմության մեջ եւս կատարվել են կեղծիքներ, այդ մասին իր ցուցմունքում նշել է նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Համբարյանը, եւ դրա վրա եւս աչք է փակել նախաքննությունն իրականացնող մարմինը: Անհասկանալի է՝ մինչեւ երբ պետք է անորակ, սխալներ թույլ տված բժիշկների հանցագործությունները կոծկվեն, մինչեւ երբ պետք է մարդու առողջությանը վնաս հասցնող, երբեմն էլ մահվան պատճառ հանդիսացող իրենց բժիշկ երեւակայողները անպատիժ մնան: Քրգործով մենք տուժողի իրավահաջորդ ենք հանդիսանում: Մենք դիմում ենք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին խնդրում նախ վերացնել ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Գ. Գենջոյանի քրգործը երկրորդ անգամ կարճելու մասին ապօրինի որոշումը, միջոցներ ձեռնարկել գործի ամբողջ ծավալով, լրիվ եւ օբյեկտիվ քննության կատարման ուղղությամբ եւ դեպքի կապակցությամբ մեղավորներին, գործի հանգամանքները կոծկողներին, հանձնաժողովի անդամներին եւ իրավապահ մարմինների անօրինականություններ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ, գոնե միայն նրա համար, որ հետագայում կանխվեն նմանատիպ դեպքերը, ու հանցագործությունը թաքցնողներին էլ դաս լինի, որ հաջորդ անգամ չհամարձակվեն ինչ-ինչ շահերից ելնելով թաքցնել այլ անձանց հանցանքները, քանի որ հայտնի է, որ հանցանք թաքցնելը եւս հանցանք է»: Նորածնի ծնողները վստահեցնում են, որ պայքարելու են այնքան, մինչեւ դեպքի առնչությամբ բոլոր մեղավորները պատժվեն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829