Ասում է «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը
«Համամասնական ընտրակարգով կուսակցությունների դերը մեծանում է. դա ընդունում են նաեւ հանրապետականները, պարզապես ասում են, որ հիմա հարմար չի, իմիջիայլոց, եթե ընդդիմությունը հիմա է սա բարձրացնում, դա ցույց է տալիս, որ դա որոշակի PR ակցիա է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Պետրոս Ղազարյանը: Մենք նկատեցինք, որ այդ ակցիայի մեջ մտավ նաեւ ԲՀԿ-ն, որին ի պատասխան՝ պարոն Ղազարյանն ասաց. «Իհարկե, մտավ, որովհետեւ դա «Բարգավաճի» ծրագրային դրութներից է, նա չի կարող ետ կանգնել եւ ասել՝ չէ. սա մեր ծրագրային դրույթներից է, բայց մենք հիմա չենք քննարկի դա, կողմ չենք արտահայտվի, որովհետեւ դա կարող է ընկալվել որպես PR ակցիա: Դա մեր դրույթներից է, դա քաղաքական համակարգի համար շատ կարեւոր քայլ է, այլ հարց է, որ ընտրություններից երկու ամիս առաջ կտրուկ փոխելը նպատակահարմար է, թե նպատակահարմար չէ»:
Կարդացեք նաև
Պետրոս Ղազարյանը ասաց նաեւ, թե շատ կարեւոր է համարում կուսակցությունների դերի լիարժեք բարձրացումը. «Ես կառաջարկեի, որ մենք ընդունեինք մի օրենք, որը կբարձրացներ կուսակցությունների քաղաքական պատասխանատվությունը: Տեսեք՝ կուսակցությունը հաղթում է ընտրություններում եւ ում է բերում նախարար, դա միայն Աստծուն է, հայտնի, որովհետեւ կարգավորող որեւէ բան չկա: Ընտրողը քվեարկում է մի ցուցակի օգտին, նախարար են դառնում մարդիկ, որոնք այդ ցուցակում չկան: Օրինակ՝ 98-ին «Միասնություն» դաշինքը հզոր հաղթանակ տարավ, տարածքային կառավարման նախարար դարձավ Խոսրով Հարությունյանը, որը ոչ մի կապ չուներ «Միասնություն» դաշինքի հետ, եւ այս պրակտիկան մինչեւ հիմա շարունակվում է: Այսինքն՝ կուսակցությունները քաղաքական պատասխանատվությունից ազատված են: Ես առաջարկում եմ, որ ընդունվի մի օրենք, համաձայն որի՝ եթե կուսակցությունը հաղթում է, ապա պետք է կառավարությունը ձեւավորի իր ցուցակի պատգամավորներով, որպեսզի մարդն իմանա, թե ով է իր ապագա կրթության նախարարը կամ սոցապ նախարարը: Սա ավելի թափանցիկ է դարձնում քո ապագա թիմը, եւ թե ով է կազմելու ապագա կառավարությունը. երբ դու հաղթում ես, պարզ է դառնում, որ նախարարական պորտֆելները առեւտրի կամ նվերի առարկա չեն դառնալու»: Պետրոս Ղազարյանն առաջարկում է պատգամավորի իր մոդելը, օրինակ. «Կուսակցությունների ներսում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ մարդը, ով գալիս է քաղաքականություն, կարողանա ինքնադրսեւորվել, ոչ թե գա «կոճակը» սեղմի, նայի՝ իր ղեկավարն ինչ է ասում, ինքը մեկը մեկին կապկի իր ղեկավարին»:
«Առավոտ» օրաթերթ