Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ԲՀԿ հարթությունում
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, սկսվեց բավականին լարված, նյարդային եւ նախընտրական տրամաբանության մեջ: Պատգամավորները եւ քաղաքական ուժերը նախընտրական ինքնադրսեւորումների մեջ են: Սակայն որքան էլ ծանր, այդուհանդերձ, քվորումն ապահովվեց, եւ խորհրդարանը աշխատեց բնականոն ընթացքով: Այս ամբողջ իրարանցման մեջ ամենից ավելի աննախանձելի վիճակում հանրապետականներն են, քանի որ իրենց է վերապահված խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, օրինաստեղծ աշխատանքի տրամաբանական ընթացքի եւ ավարտի պատասխանատվությունը: Դեռ նախորդ օրը, երբ քվեարկության դրվեց աղմկահարույց օրինագիծը՝ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ այդպիսով տապալելով օրինագծի ընդունումը, պարզ դարձավ, որ քառօրյան հանգիստ չի անցնելու: Դրան հաջորդեցին երեկվա զարգացումները, եւ առաջին նիստի հենց սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «ԱԺ նախագահը երեկ մեզ զրկեց խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից։ Հաշվի առնելով այն, որ երեկ թե՛ այս ամբիոնից, թե՛ տարբեր լրատվամիջոցներով ԱԺ նախագահի եւ ՀՀԿ տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել ԲՀԿ-ի հասցեին՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը եւ քվեարկել իր համոզմունքների համաձայն՝ ապացուցելով խոսքի ու գործի համարժեքությունը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններին, ապա բոլորիս համար պարզ է, որ այս նախագիծը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, եւ օրինագծի նպատակը մեկն է՝ լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշիվ ՀՀ քաղաքացիների։ Ի դեպ՝ մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս…»,- տիկին Զոհրաբյանը չհասցրեց տալ իր խորհուրդները, քանի որ անջատվեց այն բարձրախոսը, որով պատգամավորը խոսում էր: Ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց։ 20 րոպեից հետո խորհրդարանը շարունակեց իր աշխատանքը արդեն առանց ԲՀԿ-ի, քանի որ խմբակցությունը հայտարարել էր, թե մեկ օրով բոյկոտում է ԱԺ նիստը: Այդուհանդերձ, խորհրդարանը բազմաթիվ քվեարկություններ անցկացրեց:
Ավելի ուշ «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց՝ այսօր նույնպես տեղի ունեցան բազմաթիվ քվեարկություններ, այսինքն՝ Հանրապետականը ինքն իրենով անցկացնում է այդ քվեարկությունները, ուրեմն ինչո՞ւ այդպես չեղավ նախորդ օրը հայտնի օրինագծի քվեարկության ժամանակ: Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հանրապետականը միշտ էլ կարող է հաղթահարել, իսկ երեկվա պրոցեսները հետեւյալ ձեւով կբնութագրեի, որ քաղաքական էթիկայի տեսակետից, գործընկերային պահով, երբ որոշում է կայացվում, տեղյակ է պահվում գործընկերոջը՝ ինչպես մենք ենք անում: Փաստորեն, ենթադրելի չէր մեզ համար, որ պիտի քվեարկությանը չմասնակցեին, այսինքն՝ եթե դեմ քվեարկեին, օրենքը պարզապես կանցներ, իրենք կարող էին իրենց տեսակետը «դեմ»-ով արտահայտել, առաջինից երկրորդ ընթերցում բոլորիս հետ քննարկել, բայց այդպես չարեցին, գնացին ձախողելու ճանապարհով»: Լրագրողներից մեկն էլ հարցրեց՝ «Եթե Հանրապետականը հույսը դնելու է միայն իր վրա, իր կոալիցիոն դաշնակիցները էլ իր ինչի՞ն են պետք», ինչի՞ն են պետք կոալիցիան, որին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Հայաստանյան պայմաններում, երբ պատերազմը դեռեւս ավարտված չէ, եւ ժողովրդի սոցիալական վիճակը, տարբեր հանգամանքներից կախված, բարդ է, բնականաբար մենք ընտրում ենք այն ուղին, որպեսզի այն ուժերը, որոնք ժողովրդի հավանությունն են ստացել, չօտարվեն»: Ըստ Գալուստ Սահակյանի՝ վիճահարույց օրինագիծը քննարկվել է դեռ աշնանային նստաշրջանում. «Այն ժամանակվա քննարկման ընթացքում ոչ ելույթներ են եղել, ոչ էլ հակադրություններ, փոքրիկ միջամտություններ է արել ՀՅԴ-ն, առավել եւս, օրինագիծը նախորդ ուրբաթ քննարկել ենք հանձնաժողովում, ես ինքս մասնակցել եմ այդ քննարկումներին, խմբագրական որոշակի պնդումներ կային թե ՀՅԴ-ի եւ թե ԲՀԿ-ի կողմից: Կառավարության ներկայացուցչի հետ համատեղեցինք ջանքերը եւ փորձեցինք նոր մշակումներ առաջացնել, ընդ որում՝ նաեւ խմբագրական, համաձայնությունը եղավ, եւ ակնհայտ էր, որ օրենքը առաջին ընթերցմամբ պիտի անցներ: Առավել եւս՝ ասեմ, որ օրենքը շրջանառության մեջ էր 2008-ից, եւ եթե այսօր պնդում են, թե ժողովրդի դեմ է, ճիշտ չէ, որովհետեւ դա ընդամենը կարող է վերաբերել 20 հազար մարդկանց, ձեռներեցներին, որովհետեւ օրենքում ասվում է, որ վարկային գործառույթ կիրականացվի 3 միլիոն եւ ավելի գումարի պայմաններում, ցավոք, մեր հասարակությունը դեռեւս այնպիսի վիճակում չի, որ ոչ թե 3, այլ 2 միլիոնի գործարք կարողանա կատարել»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց՝ քանի որ գնում ենք ընտրությունների, անհրաժեշտ է լինել շատ ավելի հանդուրժող. «Եվ սա վերաբերում է ոչ միայն «Բարգավաճին», այլեւ ընդհանրապես: Այդպես հեռահար մոտեցումներով հասարակությանը ներկայանալի դառնալու միտումները, կարծում եմ, շփոթի մեջ են գցելու հանրությանը, դրա համար, ես կարծում եմ, կոալիցիոն գործընկերներ ենք, կփորձենք հասկանալ, թե բանն ինչումն է»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ