Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի ակումբը համալրվում է

Փետրվար 08,2012 12:55

Երբ ես կարդացի ՀԱԿ կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտարարությունը, որում ՌԴ հայերին կոչ է արվում սատարել Վլադիմիր Պուտինին, սկզբում մտածեցի, որ դա «Արմքոմեդի»-ի  տղաների  կատակն է: Պարզապես զարգացնում են զավեշտալի «Պուտին-ակումբի» թեման: Որպես կատակ դա կլիներ շատ սրամիտ եւ միանգամայն տեղին: Բայց որքան հասկանում եմ, ՍԴՀԿ-ն իր «պուտինամետ» հայտարարությունից չի հրաժարվում, իսկ Կոնգրեսի անդամ մնացած կուսակցությունները սկսեցին միանգամայն լրջորեն քննադատել իրենց գործընկերներին, եւ, հետեւաբար, սոցիալ-դեմոկրատների կոչերը ռուսաստանցի հայրենակիցներին միանգամայն լուրջ են:

Եթե նման կոչով հանդես գար հնչակների «շիրխանյանական» թեւը, դա էլ հասկանալի կլիներ: Ես կմտածեի, որ նման «քայլ՝ ձիով» նրանց հուշել է Աշոտ Մանուչարյանը, որը, բացառված չէ, Պուտինին համարում է ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի դրոշակակիր: Բայց այս մի՝ ՀԱԿ-ական հնչակները, ինչպես եւ Կոնգրեսն ընդհանրապես, կարծես թե պայքարում է հանուն ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի: Որքանո՞վ է ռուսաստանյան լիդերը, որը 12 տարի փաստացի իշխում է իր երկրում եւ դեռ այդքան էլ պատրաստվում է իշխել, համապատասխանում ՀԱԿ-ի այդ իդեալներին: Եվ քանի որ Կոնգրեսի համար լեգիտիմությունը գերակա նպատակ է, որքանո՞վ է համատարած կեղծիքներով Դումայում հարաբերական մեծամասնություն վաստակած «Եդինայա Ռոսիան» լեգիտիմ իշխանություն, եւ ինչպիսի լեգիտիմություն կունենա Պուտինը, որն իր իշխանության օրոք լիովին ամայացրել է քաղաքական դաշտը, կատարյալ վերահսկողության տակ է վերցրել համառուսաստանյան ալիքները եւ երկարատեւ ժամկետով զրկել ազատությունից ինքնուրույնության նշույլներ ցուցաբերած գործարարին:

Բայց այդ ամենը՝ մի կողմ: Որքանո՞վ է ճիշտ, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, դիմենք կոչերով՝  ուղղված այլ երկրների քաղաքացիներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց երկրի այս կամ այն գործչի օգտին: Մեզ դուր չի գալիս, չէ՞, երբ ամեն ընտրությունից առաջ այստեղ են գալիս Արա Աբրահամյանն ու Անդրանիկ Միհրանյանը եւ սկսում քարոզել Հայաստանի տվյալ պահի իշխանության օգտին: Ինչո՞ւ պետք է դա ռուսներին պետք գա: Ավելի ճիշտ չի՞ լինի կենտրոնանալ սեփական, ներքին գործերի վրա:

Իսկ ՍԴՀԿ-ին կառաջարկեի նոր օրհներգ հաստատել՝ «Լյուբե» խմբի «Բատյանյա կոմբատ» երգը: Ի դեպ, ի՞նչ է նշանակում «Յո կոմբատ, յո կոմբատ, յո կոմբատ»: Հայհոյա՞նք է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829