Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը (Martin Schulz) Թուրքիային խորհուրդ է տվել «առերեսվել իր պատմության հետ»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Մարտին Շուլցն ասել է այս մասին Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Ցյուրիխի դատախազությունը ստուգումներ է սկսել Բաղըշի նկատմամբ` Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու փաստով:
«Դուք պետք է առերեսվեք ձեր պատմության հետ եւ հնարավորության տաք անկախ ուսումնասիրություններ անցկացնել դրա վերաբերյալ: Եթե անկախ ուսումնասիրություններւ արդյունքում եզրակացվի, որ դա ցեղասպանություն էր, դուք պետք է ընդունեք դա», – ասել է Եվրոպական Խորհրդարանի նախագահը:
Ի պատասխան Էգեմեն Բաղըշն ասել է, որ դեռեւս 2005-ին Թուրքիայի նախագահը նամակ էր հղել ՀՀ նախագահին, որին, նրա խոսքերով, հայաստանյան կողմը դրական պատասխան չէր տվել:
Կարդացեք նաև
Նա ասել է նաեւ, որ «Թուրքիան պատրաստ է ձեւավորել գիտնականներից եւ պատմաբաններից բաղկացած միջազգային հանձնաժողով եւ ընդունել նրանց եզրակացությունները, եթե դրանք հիմնված լինեն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ մյուս ներգրավված պետությունների, մասնավորապես` Գերմանիայի արխիվների վրա, որը 1915-ին Թուրքիայի հիմնական դաշնակիցն էր, ինչպես նաեւ` Մեծ Բրիտանիանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի»:
Մեդիամաքս-ը նշում է, որ Բաղըշը պատահաբար չի հիշատակել Գերմանիան հատուկ համատեքստում. Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ազգությամբ գերմանացի է:
«Մենք քաղաքական գործիչներ ենք եւ պատասխանատու ենք ապագայի, այլ ոչ թե անցյալի համար: Քաղաքական գործիչները չպետք է պատմաբաններին զրկեն հացից»,- ասել է թուրք նախարարը: Սակայն Մարտին Շուլցը ընդդիմացել է.
«Լինելով գերմանացի եւ բազմազգ խորհրդարանի նախագահ՝ ես ամեն օր պարտավոր եմ առերեսվել մեր անցյալի հետ, որը շատ բարդ է: Բայց իմ երկիրը, եւ ես դրանով հպարտանում եմ, արդեն 6 տասնամյակ է, ինչ անդրադառնում է իր պատմությանը: Մեր սերունդը պատասխանատու չէ նախկինում գործած հանցագործությունների համար: Բայց մենք պատասխանատու ենք, որպեսզի նման հանցագործություններն ապագայում չկրկնվեն»: