Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները՝ որպես փորձաքար

Փետրվար 07,2012 22:58

Մայիսի 6-ին կայանալու են խորհրդարանական ընտրությունները, եւ այժմ արդեն մամուլը հեղեղված է լուրերով, թե ով որտեղ է առաջադրվելու, այս կամ այն գործչի մտադրությունների մասին ինչ տեղեկություններ կան եւ այլն:

Երբեք չեմ սիրել նման լուրերը: Ինչպես նաեւ՝ երբեք չեմ հասկացել իմ այն գործընկերներին, որոնք հենց որեւէ պաշտոն է ազատվում՝ անմիջապես սկսում են վարկածներ հրապարակել, թե ով է այն զբաղեցնելու:

Վստահ եմ՝ եթե որեւէ մեկն այնքան զահլա ունենար, որ նախապես հրապարակվող այդ լուրերը երբեւէ համադրեր այն ամենի հետ, ինչ ի վերջո տեղի է ունեցել՝ ով է նշանակվել, ով է առաջադրվել եւ այլն, ապա կհամոզվեինք, որ դրանք, ինչպես Ժվանեցկին էր ասում, երկու մեծ տարբերություններ են:

Գլխավոր պատճառն այն է, որ ինչպես առաջադրումների, այնպես էլ կադրային քաղաքականության վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունողների շրջանակը խիստ նեղ է, եթե չասենք՝ որոշում ընդունողը միայն մեկ մարդ է: Իսկ թե ինչ է կատարվում նրա գլխում կամ այդ շրջանակի ներսում՝ տեղեկությունների հավաստիությունն այնքան է, որքան ընդդիմադիր լրատվամիջոցների «նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են» կամ իշխանական լրատվամիջոցների «ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների» վկայակոչումով լուրերը:

Ահա եւ ստացվում է, որ այս առաջադրումների կամ կադրային նշանակումների մասին տեղեկություններ հրապարակելիս՝ լրագրողները հիմնականում կատարում են, այսպես ասած՝ «փորձաքարի» դեր: Մամուլի միջոցով նախ հենց իրենք՝ կադրային տվյալ ակնկալիք ունեցողներն են փորձում «շեֆին» հասցնել ուղերձը, որ իրենք էլ վատիկը չեն, իրենց մասին էլ չմոռանան: Կամ էլ գուցե այս միջոցով նաեւ որոշում ընդունողներն են փորձում տրամադրությունների «զոնդաժ» անել, թե ինչպես կարձագանքեն լրատվամիջոցները եւ քաղաքական շրջանակները որեւէ հնարավոր նշանակման:

Սակայն արդյոք մամուլը այս գործառույթներն իրականացնելո՞ւ համար է: Եվ արդյոք թիթեռնիկի կյանք ունեցող վարկածներ շրջանառելու փոխարեն ավելի ճի՞շտ չէ փոքր ինչ սպասել ու գրել այն մասին, թե ով առաջադրվեց կամ նշանակվեց, եւ որքանով էր դա ճիշտ կամ սխալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829