Լրահոս
Օրվա լրահոսը

Վայելեք Գյումրու գրողների «ստեղծագործությունը»

Փետրվար 07,2012 21:47

Գյումրու գրողների կուռքը՝ Վարդան Ղուկասյանը

«Առավոտի» փետրվարի 3-ի «Նորահայտ ֆիլոսներ» խմբագրականը սկզբում զայրույթ, ապա՝ հիասթափություն առաջացրեց: Հիասթափություն, որ իրեն խմբագիր ու մտավորական համարող մեկը արդեն խառնում է բանականության չափանիշները և ամբարտավան ոճով իրականությունը պատկերում իր հիվանդ երևակայությամբ: Եթե մութն ու լույսը հազիվ տարբերող մեկը Հովհաննես Թումանյանի տունը գնելու և որպես մշակութային հաստատություն հայությանը վերադարձնելու՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած քայլի համար չուրախանար, երևի ներելի լիներ: Բայց երբ այդ փաստի շուրջ ակնհայտ ու լկտի չարախնդում է իրեն ազգասեր, մշակութագետ ու էլ չգիտես ինչ ձևացնող Արամ Աբրահամյանը, առնվազն տարօրինակ է:

Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ մշակույթ է զարգացնում ու մշակույթ պահում:

Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնելն ու այդ գանձը պահպանելը չէ, որ պետք է հավաստեն քաղաքապետի մշակութասեր մտավորական լինելը: Նա հազարավոր անգամներ, հազարավոր գործերով է ապացուցել իր հավատամքն ու ճշմարիտ հայ լինելը: Չնայած այս պահը հաշվետվությունների համար չէ, սակայն անհնար է չշեշտել, որ Գյումրու հետաղետյան մշակույթի վերաստեղծման ողջ գործընթացը բացառապես կապված է մեր քաղաքապետի գործունեության հետ: Մշակութային օջախների ստեղծման, միջոցառումների անցկացման և ոչ մի ոլորտ չկա, որին դիպած չլինի քաղաքապետի ձեռքը: Այդ նրա օրոք և նրա ջանքերով են վերաբացվել կամ ստեղծվել Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը:

Վարդան Ղուկասյանի ներդրումը մեծ է ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան), Իսահակյանի տուն թանգարանի վերաբացման գործում: Մշակույթ հասկանալու և մշակույթի հարգն իմանալու արտահայտությունն են «Գյումրի» պատմահանրագիտարանային գրքի, «Շիրազ-Նամե» պոեմի տպագրությունը, տասնյակ այլ հրատարակություններ, որոնց ստեղծման ակունքներում քաղաքապետն է:

Գյումրին նրա ջանքերով ու ներդրումներով հարստացել ու շարունակում է հարստանալ մեր պատմական դեմքերի, գիտության, մշակույթի անվանի գործիչների արձաններով:

Վարդան Ղուկասյանը քաղաքի գրողների միության խնդիրների լուծման գործում ևս մեծ դեր ունի՝ որպես աջակից ու հովանավոր:

Իսկ ո՞վ եք Դուք, որ Ձեզ դրել եք անաչառ դատավորի տեղ ու ճգնում եք ապացուցել անապացուցելին:

Հայոց դժբախտությունների հայր ԼՏՊ-ի մամլո խոսնակ, ՀՀՇ-ի հավատավոր գործիչ, ապա հերթականությամբ՝ Հ 1-ի, Ա 1 +-ի, հիմա էլ՝ «Շանթի» մեկնաբան:

Արամ Աբրահամյանն արդեն 13 տարի, գրում և «գրեցնում է» Վարդան Ղուկասյանի դեմ՝ զանազան առիթներ ստեղծելով, առանց առիթների: Եվ ճիշտ են այն բազմաթիվ գյումրեցիները, որ ասում են՝ մեր քաղաքապետի վրա գրելով՝ Արամը տներ առավ: Իսկ Արամը, ով հասարակության մեջ հայտնի է «Փոդրադչիկ Արամիկ» մականունով, դատելով իր գործունեությունից, բանակցում է բոլոր ուժերի հետ ու, անկախ քաղաքական վերադասավորումներից, միշտ գտնում հարմար մի ասպարեզ: Ծծակը շուտ-շուտ փոխում է, կերակրատաշտից կերակրատաշտ անցնում, որ որովայնը միշտ կուշտ պահի: Աշխատում է իշխանական հեռուստաեթերներում, միաժամանակ, իրեն համարում ընդդիմադիր, իշխանությանը ռեժիմ անվանում: «Բանտիկը» կապած, պատկերասրահներից ճեմելով մշակութային հաղորդումներ է վարում՝ իրեն երևակայելով արվեստագետ ու մշակույթի շղարշի տակ փող սարքում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ աշխատողներին ուղղում է պաշտոնյաների դեմ, որ նյութեր գրեն և ինքը փողեր աշխատի ու ծառայեցնի միայն իրեն: Նրա համար անըմբռնելի է, թե ինչպես Վարդան Ղուկասյանը կարող է սեփական գումարը ներդնել եկեղեցի ու ազգային մշակութային օջախ ստեղծելու գործում: Ինքն հաստատ չէր անի: Դե, թող ինքը մասնակցեր Ամենայն հայոց բանաստեղծի տան շուրջ ծագած խնդրի լուծմանը կամ, գոնե ամբարտավան կեցվածք չընդուներ այն մարդու հանդեպ, ով իրոք ազգանպաստ ու երիցս գնահատելի գործ է անում:

Երբ պաշտոնյան ձգտում է մշակութասեր և մշակույթին սատարող լինել, գովելի է ու բնական: Բայց անբարո է, եթե իրեն մտավորական ձևացնողն է մոռանում իր անցյալն ու, փետուրներ հագած, ուզում է իրեն դատավոր կարգել:

Թումանյանի սրբությունը մարդն է, Ձեր դավանանքը՝ սպիտակն ու լույսը սևացնելը:

Եվ երևի Դուք ճիշտ եք, որ Թումանյանի տունը Ձեզ պետք չէ, քանի որ այն գնել է քաղաքապետը: Սա բացեիբաց, թերթում հայտարարել կարող է միայն թուրքական ծագում ունեցողը:

Վերջում` խորհուրդներ: Համարձակվեք կլոր սեղանի շուրջ նստել Վարդան Ղուկասյանի հետ ու համոզվեք, թե իրականում ո՞ւմ ինչպես, ինչո՞վ ու ինչքանո՞վ են մարդիկ գնահատում: Տեսեք ու լավ իմացեք Ձեր չափը, կշիռը, տեղը:

Հիշեք աստվածաշնչյան պատգամը` «Նախ տես քո աչքի գերանը, ապա նոր` ուրիշի աչքի չոփը»:

…. Իսկ Վարդան Ղուկասյանի քարավանը, ինչպես կասեր ժողովուրդը, անսայթաք կընթանա:

ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829