Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ն երեկ հանդես էր եկել Ռուսաստանի քաղաքացի հայերին ուղղված հայտարարությամբ՝ վերջիններիս կոչ անելով «ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին»:
Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն խնդրեց՝ փորձելով նաեւ պարզել, թե դա որքանով է արտահայտում նաեւ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Ու թեեւ երեկվանից այս հայտարարության շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում եւ հայտարարությունն էլ հրապարակվել է լրատվամիջոցների կողմից, այդուհանդերձ, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Նախ՝ մենք դեռ պիտի ստուգենք այդ հայտարարության իսկությունը, երկրորդ՝ Կոնգրեսում նման հարց ընդհանրապես չի քննարկվել»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ այս նույն հարցադրման առնչությամբ ընդամենն ասաց, թե մեկնաբանություն չունի, հայտարարությունը չի կարդացել: Իսկ ՀՀՇ-ն պաշտպանո՞ւմ է Վլադիմիր Պուտինի՝ որպես ՌԴ նախագահի թեկնածությունը: ՍԴՀԿ հայտարարության տրամաբանության շրջանակներում տրված մեր այս հարցին ի պատասխան, Արամ Մանուկյանը նախ՝ անկեղծորեն տարակուսեց, ապա հավելեց. «Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում եւ ընտրում իր ղեկավարին, դա հստակ է»:
«Ես կարծում եմ, դա ուրիշ երկրի ներքին գործերին միջամտություն է: Այն մարդիկ, ովքեր ծնունդով հայաստանցի, բայց ՌԴ քաղաքացի են, իրենք պետք է որոշում կայացնեն, թե ում ընտրեն եւ ինչպես ընտրեն: Այդօրինակ հայտարարությունը միջամտություն է երկրորդ երկրի ներքին գործերին, եւ կարծում եմ, նման միջամտություն ոչ մի քաղաքական ուժ կամ անհատ, իրավունք չունի անելու»,- հայտարարեց ՀԱԿ-ին մաս կազմող Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Բայց այդպիսի հայտարարություն անող ուժը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ձեր գործընկեր կուսակցությունն է: Դրա՞ն ինչպես եք վերաբերում: «Կրկնում եմ՝ ոչ մի ուժ նման հայտարարություն անելու իրավունք չունի: Դա այլ երկրի ներքին գործերին միջամտություն է, ինչը, կարծում եմ, դուրս է միջազգային բոլոր նորմերից»,- մեր հարցին ի պատասխան՝ հավելեց Հովհաննես Հովհաննիսյանը: