
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարեվերջին հանդիպում էր ունեցել հանրապետության նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել: Հանրապետության նախագահի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը:
“Խորհրդի գործունեությունը պիտի լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց է: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն“,- շեշտել է նախարար Ա. Աշոտյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: “Այսպիսով, ՀՀ Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում“,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:
Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: