Այսօր «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու եւ լրագրող Հայկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրեն հետապնդել ու ընդհանրապես ինչ նպատակ ուներ իր ձերբակալությունը: Պարզվում է` Հայկը, հասկանալով, որ իրեն հետեւում են ու ուզում են «չեպե» գտնել, ընդհանրապես խախտում չի անում, անցնում է միայն ու միայն անցումով, երթեւեկության կանոնները խիստ պահպանում է, անգամ ավտոտնակ մտնելիս է մեքենայի թարթիչները միացնում, որ հանկարծ առիթ չունենան իրեն ձերբակալելու. «Առաջ ես մեկ-մեկ ավտոների համարները գրանցում էի, փորձում էի դեմքները հիշել, բայց հետո տեսա, որ անիմաստ է»: Ոստիկանապետի մասին վերջին հրապարակումները, ըստ Հայկի, ընդամենը առիթ են եղել՝ նրանք երկար են սպասել դրան. «Ասենք, եթե ավելի երիտասարդ լրագրողները տեսնեն, որ մի քիչ ավելի փորձառու լրագրողի նկատմամբ նման բան են անում, բա մեզ ինչ կանեն: Հիմա իմ նպատակն է, որ երիտասարդ լրագրողներն իմանան, որ լրագրողական համայնքը կարող է ոտքի կանգնել ու տրորել մոլագարների գլխում ծնված այդ մտքերը»:
Հայկը վստահեցրեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ անձնական խնդիր չունի, ուղղակի ուզում է, որ մյուս լրագրողներն էլ լինեն համարձակ:
Հայկ Գեւորգյանն անհանգստանում է ընտանիքի համար եւ գտնում է, որ դրանով լրագրողը դառնում է խոցելի, թեեւ չի մտածում, որ այդ աստիճանի մոլագարներ են. «Չնայած իմ երկու որդիների նկատմամբ քրգործ են հարուցել, մեկին դատել են, դրանցից ամեն ինչ է սպասելի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ