Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդել էր նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանին` ապահովել իր պաշտպանյալ Տիգրան Առաքելյանի` դատական նիստին մասնակցությունը, քանի որ նրա նկատմամբ կիրառված դատական սանկցիայով սահմանված ժամկետն արդեն սպառվել էր. սանկցիան Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառվել էր մինչեւ տվյալ դատական նիստի ավարտը: Դատական նիստի ավարտից հետո այդ կապակցությամբ Վահե Գրիգորյանի կողմից միջնորդություն էր ներկայացվել, որը դատարանը մերժել էր:
Պաշտպան Վ. Գրիգորյանn այդ եւ նաեւ նախկինում տեղի ունեցած հարցերի շուրջ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար դատարանից ժամանակ էր խնդրել:
Այսօրվա դատական նիստին պաշտպան Վահե Գրիգորյանը ներկայացրեց գրավոր միջնորդություն` ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Նա հայտնեց, որ ինքնաբացարկ ավելի վաղ չեն հայտնել այն պատճառով, որ չէին կարծում, թե այլ դատավոր ավելի անաչառ կլիներ. «Դուք ունեք կանխակալ վերաբերմունք` ի օգուտ ոստիկանանական կեղծ սցենարի»:
Կարդացեք նաև
Նիստի հենց սկզբում դահլիճում ներկա Արեգ Գեւորգյանը ցուցանակ պարզեց, որի վրա գրված էր «Սերժի կամակատար դատարան»: Այդ քայլին հաջորդեց դատավորի պահանջը` Արեգ Գեւրոգյանին հեռացնել նիստերի դահլիճից:
Նույն պահին շենքից դուրս սպասող հարազատները բողոքում էին, որ դրսում շատ ցուրտ է եւ չեն կարողանում կանգնել, ուստի պահանջեցին, որ նրանց էլ ներս թողնեն: Հայցվոր կողմի ներկայացուցիչը բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանից ժամանակ պահանջեց: Դատավոր Գ. Պողոսյանը 30 րոպեով ընդմիջեց նիստը:
Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը նիստի երկրորդ մասում հայտարարեց, որ Տիգրան Առաքելյանը հեռացվել է դատական կարգը խանգարելու հետեւանքով: «Ձեռքի մատը դնելով քունքին` արհամարհական շարժում արեց եւ բազմիցս դատական նիստի կարգը խախտելու պատճառով հեռացվեց: Ձեր պարտքն էր ենթարկվել նիստը նախագահողի պահանջներին»,- ասաց նա` հավելելով, որ կիրառված սանկցիան համաչափ է եղել եւ դատավորի օրինական կարգադրություններին ենթարկվելը ոչ թե իրավունք է, այլ պարտականություն, հետեւաբար ինքնաբացարկի միջնորդությունը պետք է մերժվի: Իր երկար խոսքից հետո ավելի ուշ մեջբերում արեց Ֆրիկից. «Կացինդ սրելուց առաջ գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա»: Դատախազը նաեւ առաջարկեց, եթե պատասխանող կողմն ունի առարկություններ, թող ներկայացնի: Դատավոր Գ. Պողոսյանն էլ ի պատասխան ասաց. «Սա վիճաբանության սրահ չէ, որ միջնորդությունը քննարկվի»: Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է` որոշում կայացնելու:
Խորհրդակցական սենյակում մեկ ժամ անցկացնելուց հետո դատավորը միջնորդությունը մերժեց, իսկ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 14-ին:
Նշենք որ նիստերի ընթացքին հետեւում էր նաեւ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ