Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ պատգամավորը մանդատը վայր է դրել

Փետրվար 07,2012 16:10

Այսօր հրաժարական է տվել ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը. նա վայր է դրել իր մանդատը: Այս մասին Բաղդասարյանը հայտնել է Lragir.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով տեղեկությունները, թե իրեն հեռացրել են ՕԵԿ-ից: Գագիկ Բաղդասարյանն ասել է, թե ինքը դուրս է եկել նաեւ ՕԵԿ-ից, սակայն ՕԵԿ-ը հետին թվով է իրեն հեռացնելու մասին որոշում հրապարակել:
Բաղդասարյանն ասել է, թե ինքը արդեն ավելի քան մեկ տարի է` ՕԵԿ-ի հետ որեւէ առնչություն չունի: «Կուսակցության ֆրակցիան բացարձակապես չի աշխատում, որեւէ աշխատանք չեմ տեսնում: Իսկ քվեարկել եմ բացառապես ՀՀ Սահմանադրության ու ԱԺ կանոնակարգի համաձայն` «Պատգամավորը քվեարկում է իր խղճի ու համոզմունքի համաձայն,- ասել է Բաղդասարյանը` շեշտելով,- Ես մնացել եմ ՕԵԿ-ական, այդ իրենք են վաղուց դարձել ՀՀԿ-ական»:

Նա չի բացառել այլ կուսակցության անդամագրվելը: «Դեռ կորոշեմ: Կան, իհարկե, հարգարժան կուսակցություններ` նույն ԱԺ-ում, կամ կանդամակցեմ, կամ կսատարեմ: Ես պայքարում եմ, որ Հայաստանում իրոք լինի օրինաց երկիր»:

Ի դեպ, տեւական ժամանակ է` Բաղդասարյանն իր ՕԵԿ ադամանդակուռ կրծքանշանը փոխել էր ՀՀ դրոշի վրա ՀՀ ԱԺ պատգամավոր վերտառությամբ կրծքանշանով, եւ այն ժամանակ այդ հանգամանքը ՕԵԿ-ում լուրջ դժգոհությունների, սկանդալների առիթ էր տվել:

Իսկ թե ինչու է ինքը դուրս եկել ՕԵԿ-ից` Բաղդասարյանն ընթերցեց Պարույր Սեւակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը` «սիրելիս» բառի փոխարեն կարդալով «ՕԵԿ».

– Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,

Ես, ՕԵԿ, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829