«Իսկ ի՞նչ է տալու ընտրություններին չմասնակցելը»,– այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում հարց հնչեցրեց ՀԱԿ անդամ, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ արդյոք բացարձակ մեծամասնություն չձեւավորելու դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի՞ մանդատներից, բանախոսը տարակուսեց. «Ինձ համար հասկանալի չէ: Դեռ ընտրությունները չեն եղել, արդեն խոսում ենք մանդատները դնելու մասին: Եթե մասնակցում ենք, պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Այս ընտրությունները կհանգեցնեն հասարակության էլ ավելի ակտիվացմանը, ինչը կհանգեցնի փոփոխությունների: Պետք է շարունակել պայքարելը, այս փուլում դա խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է»:
ՀԺԿ առաջնորդը հրաժարվեց պատասխանել եւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակին վերաբերվող հարցերին եւ ՀԱԿ-ականների՝ մեծամասնական կարգով ընտրություններին մասնակցությանը վերաբերվող հարցերին, քանի դեռ դրանք հստակեցված չեն: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, փետրվարի վերջին արդեն, պաշտոնական հայտարարություններով, ՀԱԿ-ը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները: Ըստ նրա, ցուցակ կազմելը բավականին բարդ գործ է՝ անգամ մեկ կուսակցության համար, մինչդեռ ՀԱԿ-ում 18 կուսակցություններ են:
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսը հայտարարեց նաեւ, որ ՀԱԿ-ում խնդիր չեն տեսնում արդար ընտրությունների շուրջ համագործակցության մասով այլ քաղաքական ուժերի հետ, սակայն ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ի եւ այլ ուժերի դաշինքը անհնար համարեց. «ՀԱԿ-ում ցուցակ կազմելն արդեն բարդ խնդիր է: Չմոռանանք նաեւ, որ ՀԱԿ-ն ինքն արդեն լուրջ ուժ է»: ՀԺԿ-ն կողմ է համամասնական ընտրակարգին, բայց եթե այդ հարցը մինչեւ ընտրություններ լուծում չգտնի, կուսակցության առաջնորդի համոզմամբ, պետք է համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի մեծամասնական թեկնածուների առումով «իրար չխանգարենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ