Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օհանյանը չի զսպում էմոցիաները

Փետրվար 07,2012 15:07

 Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տեխնիկ Սամվել Մախուրյանի եւ ֆինանսական վարչության պատասխանատու Արա Լեւոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Վկա Նիկողայոս Եղիազարյանի ցուցմունքից հետո նախագահողը հայտարարեց, որ դատակոչված վկաների մասով հարցաքննության փուլն ավարտվեց եւ սկսվելու է ամբաստանյալների հարցաքննությունը:

Ամբաստանյալ Սամվել Մախուրյանն ասաց, որ պատրաստ չէ ցուցմունք տալ, ինչպես նաեւ հայտարարեց, որ բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չունի պաշտպան:

Պաշտպան չունենալու լուրը «ցնցեց» մեղադրող Հարություն Հարությունյանին, որը հայտարարեց, թե ամբաստանյալի բանավոր հայտարարությունը հիմք չէ, որ նա բավարար միջոցներ չունի, իսկ պետությունն էլ պարտավորված չէ այդ հիմքով նրան պաշտպան տրամադրել: Այս հայտարարությունը ուշագրավ էր նաեւ նրանով, որ նույն ամբաստանյալի բանավոր հայտարարությունն է հիմք դարձել, որ դա կոչվի ցուցմունք եւ դառնա գործի նյութ:

Պաշտպան չունենալը, չգիտես ինչու, դուր չեկավ նաեւ պաշտպան ունեցող Մարգար Օհանյանին: Նա հեգնեց. «Ցուցում էր ստացել նիստը հետաձգել, հետաձգեց»:

Թե Օհանյանի, թե Կարախանյանի պաշտպանները գտան, որ դա ամբաստանյալի իրավունքն է, իսկ Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը զարմացավ, թե ինչ ձեւով պետք է Մախուրյանը հիմնավորի, թե չունի բավարար միջոցներ:

Դատարանը հղումներ արեց քրդատօրից եւ բավարարեց հանրային պաշտպան ունենալու Մախուրյանի, ըստ էության միջնորդությունը:

Իսկ վկա՝ 3-րդ սպայական վաշտի հրամանատար, Կոտայքի մարզը սպասարկող Նիկողայոս Եղիազարյանն այսօր հայտնեց, որ բենզինի հավելագրումները կապված են եղել տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հեռանկարի հետ: Նշվեց, որ ստացվել է 5600 լիտր, անգամ 8000 լիտր բենզին, սակայն օգտագործվել է 4200 լիտրը:

Դատական նիստը կշարունակվի փետրվարի 14-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829