Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյան. «Ես շատ փոքր մարդ եմ, ՀԱԿ-ում շատ բարձր մարդկանց են նման պիտակներ կպցրել»

Փետրվար 07,2012 15:01

Այսօր «Հենարան» ակումբում նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը տեղեկացրեց, որ երեկ է նամակ ուղարկել ՄԻԵԴ` պահանջելով հետ վերցնել իր դիմումը: Նա վստահեցրեց, որ չնայած այդ առիթով տարաբնույթ խոսակցություններին, դա ընդհանրապես պայմանավորված չէ իշխանական որեւէ ներկայացուցչի կողմից իր նկատմամբ ճնշում գործադրելու հետ. «Ես այս պահին նպատակահարմար եմ գտել իմ դիմումը ետ վերցնել, քանի որ գտնում եմ, որ Կոնգրեսը հետ է կանգնել իր իսկ սկսած քայլերից: Երբ Լեւոն Տեր -Պետրոսյանը հայտարարեց իր թեկնածությունը, նա հայտարարեց, որ ինքը ծառայելու է որպես գործիք: Քանի որ մենք  չկարողացանք իրեն օգտագործել որպես գործիք, մենք դարձանք գործիք: Ես որոշեցի, որ այլեւս գործիք չդառնամ: Գործիք` իրենց նեղ անձնական շահերի համար: Դրա համար սա իմ կողմից բողոքի մի տեսակ է, որը ես փորձել եմ այսպես արտահայտել: Ես չեմ կարող հացադուլ անել,  չեմ կարող էլ նստացույց անել` իմ բողոքի ձեւն էլ սա է: Եթե ուրիշ մարդիկ կարողանում են ուրիշ ձեւով բողոքել, ես այս ճանապարհն եմ ընտրել: Այս ճանապարհին ինձ միացել են նաեւ շատ այլ մարդիկ, մոտ օրերս դուք բոլորդ տեղյակ կլինեք նաեւ նոր անունների»:

Նշենք, որ ըստ Սուրեն Սիրունյանի, խոսքը մեկ տասնյակից ավելի նախկին քաղբանտարկյալների մասին է, այդ թվում` Սամվել Աբովյանի. «Նրան Կոնգրեսից ինչ-որ Արմեն Խաչատրյան անվանեց որպես իշխանությունների հետ գործարքի գնացած մարդ, թե դրա հիման վրա է կալանավայրից ազատ արձակվել: Մեկը լիներ՝ Արմեն Խաչատրյանին հարցներ` իսկ իրեն ինչո՞ւ չձերբակալեցին Մարտի 1-ի գործով: Ես էլ մտածում եմ, որ իրենք դրսում եղած վիճակում են համագործակցել իշխանության հետ, դրա համար չեն ձերբակալել»: Դիտարկմանը, որ Արմեն Խաչատրյանը գրասենյակային աշխատող էր, նրան ինչո՞ւ պիտի ձերբակալեին` Սիրունյանը պատասխանեց. «Խի քիչ գրասենյակային աշխատողների՞ են ձերբակալել»:

Սուրեն Սիրունյանն ասաց, որ ինքը կանխատեսում էր, թե դիմումը հետ վերցնելուց հետո նման արձագանքներ կլինեին ՀԱԿ-ի կողմից. «Ես ՀԱԿ-ում  շատ փոքր մարդ եմ եղել, որ նման բանի չարժանանայի: ՀԱԿ-ում շատ բարձր մարդկանց են նման պիտակներ կպցրել»:

Սուրեն Սիրունյանն իրեն այլեւս չի համարում քաղբանտարկյալ, քանի որ այս երկրում «մարդու իրավունքների մեծ պաշտպան Գագիկ Ջհանգիրյանն է որոշում` ով է քաղբանտարկյալ, ով` ոչ, ես ուզում եմ ենթարկվել նրա այդ որոշմանը, որ ես քաղբանտարկյալ չեմ»:

Առաջիկայում Սիրունյանը չի պատրաստվում որեւէ այլ կուսակցություն մտնել կամ ձայն տալ որեւէ մեկին. «Մարդ 1 անգամ է լինում կուսակցության անդամ, եթե մարդը մի կուսակցությունից մյուսն է գնում, չգիտեմ, չեմ կարող ներկայացնել, թե այդ մարդկանց ես ոնց եմ ընդունում: Նույնը «Ազատ դեմոկրատներին» է վերաբերվում, իմ ընկերներն են, բայց չեմ պատրաստվում դառնալ ազատ դեմոկրատ, ես հենց ըսենց էլ ազատ եմ»:

Մի բան միանշանակ է` նախագահական ընտրություններին Սուրեն Սիրունյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի սատարելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829