Լրահոս
Օրվա լրահոսը

Թե 2011-ին քանի՞ հոգի են «զուգարան» կամ գազ ունեցել, պարզ կլինի 2013-ի վերջին

Փետրվար 07,2012 14:46

Այսօր ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց նախորդ տարի անցկացրած մարդահամարի տվյալները: Ըստ այդմ, 2011 թվականի հոկտեմբերի 10-ի 12.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա բնակչության օպերատիվ ցուցանիշը կազմել է 2,871,509 մարդ: Իսկ վերջին՝ 2001 թվականի նույն ժամանակաշրջանի մարդահամարի ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 3,002,598 մարդ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում հանրապետությունում առկա բնակչության թիվը նվազել է 131 հազար 89 մարդով:

Վիճծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի ներկայացմամբ՝ մարդահամարի ժամանակ հաշվագրված բնակչության՝ ներառյալ տվյալ պահին ներկա եւ բացակա անձանց, թիվը կազմել է 3,285,767 մարդ:

Ըստ Ստեփան Մնացականյանի՝ մշտական բնակչության թվաքանակը կներկայացնեն այս տարվա հոկտեմբերին՝ որոշ տվյալներ ամփոփելուց հետո:

Հիշեցնենք, որ մարդահամարի ժամանակ շատ բնակիչներ դժգոհում էին, որ հաշվարարներն այդպես էլ իրենց «հաշվի չեն առել», այդպես էլ դուռը չեն թակել: Լրագրողները ծառայության ղեկավարից հետաքրքրվեցին՝ ի վերջո այդ բնակչության տվյալները հաշվի առնվե՞լ են, թե՞ ոչ: Փաստորեն՝ որոշ հաշվարարներ գործը ականջի հետեւ են գցել, եւ անտեսել շատ բնակիչների: Ստեփան Մնացականյանի խոսքերով. «Հաշվարարները հակվածություն ունեն իրենց աշխատանքը թեթեւացնելու եւ այդ հանգամանքը մենք հաշվի ենք առնում: Մենք հաշվարարների նկատմամբ իրականացնում ենք վերահսկողություն»: Ըստ ծառայության նախագահի, հաշվարարը թեեւ պարտավոր է 3 անգամ բնակչի դուռը թակել, եթե թակել են՝ բացող չի եղել, ապա ընդունված կարգի համաձայն՝ նրանց տվյալները կարող են ստանալ համայնքային կառույցներից, հարեւաններից եւ հնարավոր այլ աղբյուրներից:

Մարդահամարի ժամանակ բնակչության կենսամակարդակը պարզելու համար նաեւ հարցումներ էին կատարվում, թե, ասենք՝ տվյալ բնակարանը «Բաքսիո՞վ» է ջեռուցվում, թե՞ փայտե վառարանով, կամ, ասենք՝ քանի՞ քառակուսի մետր է բնակարանը, կամ զուգարան ունե՞ք, թե՞ ոչ, եթե այո, ապա ներսո՞ւմ, թե՞ դրսում: Հետաքրքրվեցինք, թե այս տվյալները ե՞րբ կամփոփվեն, ծառայության ղեկավարը վստահեցրեց, որ 2013 թվականի վերջին:

Մեր այն հարցին ի պատասխան, թե մինչ այդ նույն բնակարաններում հնարավոր են էլի որոշ փոփոխություններ տեղի ունենան, ուստի որքանո՞վ ճշգրիտ կլինեն 2013-ի տվյալները, պարոն Մնացականյանը վստահեցրեց, որ ինքն էլ խիստ մտահոգված է այդ հարցով, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այլընտրանք չունեն. կարգն է այդպես:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829