Սեռական խանգարումների առաջացման պատճառները տարբեր են
Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսեւորման աստիճանը. «Առավոտի» հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Թվելով սեռական առողջության հիմնական բաղադրիչները՝ սեքսապաթոլոգն ասաց, որ դրանք չորսն են. ելնելով սեռական առողջության ապահովման քառաբաղադրիչ մոտեցումից՝ այն գործոնները, որոնք կարող են վնասել սեռական առողջությունը, ըստ Վ. Շահրամանյանի, կարելի է բաժանել չորս խմբի՝ սոցիալալական, հոգեբանական, սոցիալ-հոգեբանական եւ կենսաբանական:
«Սոցիալական գործոնները կարեւոր նշանակություն ունեն անհատի սեքսուալ կուլտուրայի եւ սեռական վարքի ձեւավորման գործում: Այս գործոններն են՝ հասարակության վերաբերմունքը սեռականությանը, սեռական ավանդույթները, սովորույթները, առասպելները, էթնիկ առանձնահատկությունները, ընտանեկան դաստիարակությունը, սեռակրթությունը եւ այլն: Նշված գործոնները ազդում են սեքսուալ եւ էրոտիկ դիրքորոշումների, սեքսուալ հուզական ապրումների, սեռական զույգի նախընտրության չափանիշների, սեռական ակտիվության մակարդակի ձեւավորման վրա: Սոցիալական գործոնները կարող են սեռական կյանքի շուրջ նեւրոտիկ կոնֆլիկտի առաջացման պատճառ դառնալ, օրինակ՝ առաջացնել վախ հակառակ սեռի ներկայացուցչից, վախ՝ սեռական հաճույքից: Հոգեբանական գործոններից առաջին հերթին պետք է նշել բնավորության շեշտվածությունները եւ փսիխոպաթիաները՝ անձի խանգարումները: Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են ամաչկոտությունը, նեղացկոտությունը, հեշտությամբ տպավորվելը կարող են ավելի հաճախ հանգեցնել սեռական խանգարումների, վատ են անդրադառնում միջանձնային հաղորդակցման, շփումների ունակության վրա:
Բացի բնավորությունից եւ խառնվածքից, մեծ նշանակություն ունեն ինտելեկտի մակարդակը, բարձրագույն նյարդային համակարգի տիպը, անձի ուղղվածությունը, նրա արժեքային համակարգը, ինքնագնահատականը, տեղեկացվածության մակարդակը: Հոգեկան լարումներ պահանջող իրավիճակներում հիշյալ անձնային հատկանիշները նպաստում են սթրեսի հաղթահարմանը: Հակառակ դեպքում զարգանում է ներանձնային կոնֆլիկտ, որը բերում է սեռական խանգարման առաջացման: Սոցիալ-հոգեբանական գործոնների շարքին էլ դասվում են միջանձնային փոխհարաբերությունների ներդաշնակությունը, զույգի սեքսուալ մոտիվացիաների, արժեքային կողմնորոշումների համապատասխանությունը: Կենսաբանական գործոններն են ընդհանուր հիվանդությունները, որոնք կարող են բերել ֆիզիկական եւ հոգեկան սպառման, խախտել սեռական ֆունկցիայի կարգավորման մեխանիզմները: Շաքարային դիաբետը, անոթային հիվանդությունները այն հաճախ հանդիպող հիվանդություններն են, որոնք բերում են սեռական այս կամ այն խանգարման: Նաեւ որոշ դեղամիջոցներ, որոնք երկարատեւ ընդունվում են խրոնիկական հիվանդության առկայության դեպքում, նույնպես կարող են խանգարել սեռական ֆունկցիան»,- մեկնաբանեց սեքսապաթոլոգը:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ վերոնշյալ բոլոր գործոնները սեռական խանգարում են առաջացնում մեկ ընդհանուր մեխանիզմով՝ տագնապի հարուցմամբ: Ընդ որում, էական չէ, թե ինչն է տագնապի աղբյուրը, դրա խորությունը կամ ուժգնությունը, գիտակցված կամ անգիտակից լինելը, առաջացման պատճառների իմացությունը: Ըստ բժշկի՝ ամեն անգամ, երբ սեռական փորձից առաջ հայտնվում է տագնապի զգացումը, փսիխոսոմատիկ մեխանիզմներով խանգարվում է սեռական ֆունկցիայի նորմալ ընթացքը:
«Սեռական փոխհարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ, օրինակ՝ բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը եւ այլն: Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերը իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։ Սեռական առողջ փոխհարաբերություններ հաստատելու համար մեծ նշանակություն ունի համապատասխան զուգընկերոջ ընտրությունը։ Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս։ Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է հետագա սեռական եւ ամուսնական ներդաշնակության ստեղծման համար»,- ավելացրեց Վ. Շահրամանյանը, շեշտելով, որ անհրաժեշտ է առանձնացնել նաեւ սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարեւոր՝ տնտեսական գործոնը, քանի որ վերջինիս բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ։ «Հաճախ նյութական միջոցների հայթայթմանը ուղղվում են մարդու ողջ կարողությունները եւ նպատակները՝ ժամանակ եւ ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար։ Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսեւորումն է գտնում սեռական անհաջողություններում։ Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակի, որը արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում։
Սեռական կյանքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաեւ իրավիճակային գործոնները, որոնց ազդեցությանը առավել ենթակա են կանայք։ Կանանց համար մեծ նշանակություն ունի միջավայրը (ննջասենյակի ինտերիերը): Տղամարդիկ համեմատաբար ավելի քիչ են ենթակա իրավիճակային գործոնների ազդեցությանը։ Երկու սեռերի մոտ Էլ իրավիճակային բարենպաստ գործոնները կարող են խթանել սեռական հնարավորությունների դրսեւորումները»,- ընդգծեց բժիշկը՝ զգուշացնելով, որ սեռական առողջության կարեւոր պայմաններից է նաեւ պատահական սեռական կապերից, սեռավարակներից զերծ մնալը, որոնք էլ ժամանակին չհայտնաբերվելու եւ չբուժվելու դեպքում կարող են զանազան սեռական խանգարումների պատճառ դառնալ:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ