Վերջերս երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, որ «Հեռուստառեստորան» հաղորդաշարի ժյուրիի նախագահն է, եթերից հայտարարեց, թե հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը կերազեին ռեստորանային երգիչների նման կենդանի երգել:
«Հեռուստառեստորանի» մասնակից, մոսկվաբնակ երգիչ Արմեն Բորոդան, որ երեւանյան եւ մոսկովյան 25 երգիչների հետ պայքարում հասավ եզրափակիչ, «Առավոտի» հետ զրույցում նշեց, թե հեռուստահաղորդաշարը ռեստորանային երգիչների համար ընդամենը գովազդ էր, այպես թե այնպես, համապատասխան օբյեկտներում իրենք լավ էլ վաստակում են եւ ունեն իրենց ունկնդիրը: Նա հավելեց, որ իր կուռքը Շուֆուտինսկին է (Ռուսաստանում Բորոդային անվանում են հայկական Շուֆուտինսկի), բեմ է բարձրանում նաեւ Լյուբա Ուսպենսկայայի, Ստաս Միխայլովի, Սոսո Պավլիաշվիլու, Ալեքսանդր Սերովի եւ մյուս ճանաչված դեմքերի հետ:
90-ականների սկզբներին Երեւանի ջազային քոլեջում կիսատ թողնելով ուսումը՝ Արմեն Բորոդան մեկնում է Լենինգրադ, որոշ ժամանակ անց վերադառնում, իսկ 2006-ից իր մշտական աշխատատեղը գտնում Մոսկվայում: Հայրենիքից հեռանալու պատճառը, երգչի խոսքերով՝ իր արվեստի չգնահատվելն էր: 2002թ. լույս է տեսնում նրա առաջին CD-ն, իսկ 2-րդը՝ 2006-ին: Բորոդան չի թաքցնում, որ հիմա այն ժամանակներն են եկել, երբ հստակ չես կարող բաժանել ռեստորանի երգչին՝ շոու-բիզնեսի ներկայացուցչից. «Ներքեւների» եւ «վերեւների» քեֆ-ուրախությունները կազմակերպվում են ռեստորաններում… Ռեստորանը յուրօրինակ «շկոլա» է. բոլոր ժամանակներում բացառված է եղել ֆոնոգրամայով երգելը: Հետո էլ պետք է ունենաս մեծ երգացանկ՝ սկսած սիրված երգերից, վերջացրած հեղինակայինով»:
Նա չթաքցրեց, թե հաճախ է հրավիրվում Երեւան՝ այս կամ այն մեծահարուստի կողմից: Հետաքրքրությանը, թե Մոսկվայում ճանաչված ո՞ր դեմքերից է առաջարկ ստացել, Բորոդայի պատասխանը հակիրճ էր. «Կոբզոնից մինչեւ Յապոնչիկ»: Ինչ վերաբերում է նման հավաքույթներին մասնակցելու համար իր հոնորարին, մեր զրուցակցի հավաստմամբ, դա կարող է տարբեր լինել. անվճարից մինչեւ հազարավոր եվրոներ: «Օրինակ՝ Սերովն ու Սոսոն 10 000-ական եվրոյի սահմաններում են «մանեւրում», Մոսկվայում ճանաչված թամադա Կարեն Ավանեսյանը՝ շուրջ 3500 դոլարի…»:
Կարդացեք նաև
Հարցին՝ մոսկովյան ակումբներում կա՞ն Հայաստանից հրավիրված երգիչներ, Բորոդան պատասխանեց. «Հիմնական աշխատող հայ երգչի չես հանդիպի, «տուսովկաներին» հաճախ հրավիրվում են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Քրիստինա Եգանյան եւ Արմեն Խուբլարյան դուետը»: Արմեն Բորոդայի համոզմամբ, ռեստորանային կամ ակումբային «ձեւաչափով» հանդես գալը անպատվաբեր չէ, համաշխարհային ճանաչման արժանացած բազմաթիվ երգիչներ իրենց արտիստական ուղին սկսել են նման վայրերից ու տարիների ընթացքում ձեռք բերել պրոֆեսիոնալ բեմ բարձրանալու իրավունք: Ավելին՝ նրանցից շատերը (Էդիթ Պիաֆ, Շարլ Ազնավուր, Ժակ Բրել, անգամ Կառուզո, Մարիո Լանցա եւ այլն) ժամանակին հասել են նրան, որ սահմանել են բեմական նոր չափանիշներ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ