Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահաբար իմացան, որ հետախուզվում են

Փետրվար 07,2012 13:38

Տուժողը չի ճանաչում կալանավորվածներին

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում անցյալ տարվա մայիսի 28-ին հարուցվեց քրեական գործ՝ Արամ Շլեպչյանի դեմ մահափորձ կատարելու փաստի առթիվ: Արամ Շլեպչյանը դանակահարվել էր:

Հուլիսի 12-ին քննչական բաժինը որոշում կայացրեց Կարեն Շիրվանյանին եւ Արթուր Կիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելու մասին: Կարեն Շիրվանյանը եւ Արթուր Կիրակոսյանը չգիտեին, որ իրենց նկատմամբ ոչ միայն հետախուզում է հայտարարված, այլ անգամ ընտրվել է խափանման միջոց կալանքը: Տեղյակ չլինելով՝ նրանք զբաղված էին իրենց գործերով, նրանց բնակության վայր որեւէ մեկը իրավապահ մարմիններից չէր այցելել, նրանցից որեւէ մեկը ոստիկանության բաժին չի հրավիրվել, չի եղել որեւէ ծանուցագիր:

Կարեն Շիրվանյանը եւ Արթուր Կիրակոսյանը (Կարենի աներձագն է- Ռ. Մ.) պատահաբար տեղեկանում են, որ իրենք հետախուզվում են:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանի տեղեկացմամբ, «հետախուզվողները» կամավոր ներկայանում են ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, պարզելու, թե իսկապե՞ս իրենք հետախուզվում են, եթե այո՝ ապա ի՞նչ հիմքերով: Երբ տեղեկանում են, որ մեղադրվում են մահափորձի համար, ապշում են, հայտարարում, որ կապ չունեն դեպքի հետ:

Տարօրինակ է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 27-ին վերահաստատում է կալանքը՝ որպես խափանման միջոց: Կարենն ու Արթուրն արդեն 4 ամիս է, ինչ գտնվում են արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ի դեպ, վարույթն իրականացնող մարմինը՝ ոստիկանությունը, կալանքի անհրաժեշտ լինելու հիմքում դրել է այն փաստարկը, թե «դանակահարողի անձը պարզված չէ»:

Հոկտեմբերի 31-ին, ըստ փաստաբան Լիանա Գրիգորյանի, վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է միջնորդություն՝ մեղադրյալներ Կարեն Շիրվանյանին եւ Արթուր Կիրակոսյանին տուժող Արամ Շլեպչյանին ճանաչման համար ներկայացնելու մասին, սակայն քննիչ Ա. Բուդաղյանի կողմից միջնորդությունը մերժվում է: Փաստաբանը դիմում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Դիմումում ասվում է. «քննիչի կողմից միջնորդությունն անհիմն մեւժվել է, ընդամենը նշելով, թե տուժողը ցուցմունք է տվել, որ իրեն դանակահարողին չի ճանաչում, ուստի չի կարող իրեն ներկայացված որեւէ անձի ճանաչել: Քննիչը բազմիցս բանավոր հայտնել է պաշտպանական կողմին, որ տուժող Շլեպչյանը արդեն իսկ ցուցմունք է տվել, որ մեղադրյալներին ճանաչում է, սակայն նշված դեպքի հետ նրանք կապ չունեն»:

Փաստորեն, կալանքի տակ լինելով, նշված քրեական գործով մինչ օրս Կարենի եւ Արթուրի հետ մեկ առերեսում է եղել վկայի հետ: Վկան էլ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հայտնել է, թե չի ճանաչում Արթուրին, իսկ Կարենին էլ տեսել է, թե ինչպես էր խոսում ինչ-որ մեկի հետ: Վկան լսել էր, թե ինչպես է ինչ-որ մեկը խոսում «արա»-յով (նույն տրամաբանությամբ ԱԺ-ում իրար հետ խոսողներին կարելի է մեղադրանք առաջադրել- Ռ. Մ.):

Պաշտպանի կարծիքով. «Նախաքննության ընթացքում կարեւորագույն ապացուցողական նշանակություն ունեցող դատավարական գործողություն չկատարելը արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեղադրյալներն անհիմն ձեւով պահվում են անազատության մեջ, քանզի ճանաչման ներկայացնելն անհրաժեշտ էր ոչ միայն դանակահարողին ի հայտ բերելու, այլ՝ իմ պաշտպանյալների մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու համար»: Ի դեպ, նախաքննության մարմինը մահափորձ հոդվածից հրաժարվում է եւ տղաներին առաջադրվում է Քրօրի խուլիգանություն հոդվածը:

Մեղադրյալները տառապում են նաեւ «Հեպատիտ Ց» հիվանդությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակում պաշտպանն ուշադրություն է հրավիրում նաեւ այս հանգամանքի վրա, ասելով. «Հեպատիտ-Ց» հիվանդությունը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն է, ինչն ավելի է վատթարացրել իմ պաշտպանյալների վիճակը»:

Այս գործով քննիչը մեղադրյալներին դեռ չի հարցաքննել, չեն կատարվել առերեսումներ մնացյալ անձանց հետ, որոնք հնարավոր մասնակցություն են ունեցել նշված դեպքին:

Ի դեպ, պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի առերեսումներ լինեն Կարենի եւ Արթուրի դեմ ցուցմունքներ տվածների հետ:

Կարենի եւ Արթուրի հետ կապված միջնորդություն է ներկայացվել՝ նրանց գրավով ազատելու համար: Սակայն այդ միջնորդությունն էլ մերժվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829