Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռչնաբույծների մտահոգությունը տեղին է»

Փետրվար 07,2012 13:32

Ասում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, վերջին շրջանում Հայաստանի թռչնաբույծներն ահազանգում են ոլորտում ստեղծված որոշ անառողջ երեւույթների մասին, մասնավորապես՝ արտերկրից Հայաստան ներկրված՝ սառեցրած հավերը տեղական թարմ հավի անվան տակ վաճառելու մասին, ինչը բացասական է ազդում թե՛ տեղական արտադրության վրա եւ թե՛ կարող է վտանգավոր լինել սպառողների առողջության համար: Դուք, որպես Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:

– Կարծում եմ, որ թռչնաբույծների մտահոգությունը տեղին է եւ արդարացված: Որովհետեւ հայաստանյան շուկայում իրացվում է մեծ քանակությամբ ներկրված թռչնի միս, 2009թ.՝ 28 հազար տ, 2010-ին՝ 35 հազար տ, 2011թ.՝ մոտ 40 հազար տ: Այսինքն՝ տարեցտարի թռչնի մսի ներմուծումն ավելանում է: Այն երկրների աշխարհագրությունը, որտեղից թռչնի միս է ներկրվում, շատ լայն է եւ ընդարձակ: Եթե 2009 թ.-ին ներմուծվում էր 10 երկրներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, ապա հիմա այդ երկրների ցանկը մեծացել է: Ինձ համար զարմանալի է, որ այդ հեռավորությունից թռչնի միսը ներկրվում է Հայաստան բավականին էժան գնով: Մի հանգամանք, որը տեղի արտադրած թռչնի մսի ինքնարժեքի հետ չի հարաբերվում: Տեղական թռչնամսի ինքնարժեքը 1100-1200 դրամի սահմաններում է: Ներկրվածի մաքսազերծման գինը 300-400 դրամ է, մի այդքան էլ գինն է լինում, ստացվում է, որ ներմուծված թռչնի մսի արժեքը լինում է մոտ 800 դրամի սահմաններում: Ինչը խիստ տարօրինակ է: Եվ այն, որ ներկրված թռչնի սառեցված միսը, ըստ թռչնաբույծների, նաեւ հալեցվում, վերամշակվում, վերափաթեթավորվում է ու տեղական թարմ մսի տեղ վաճառվում, դրանով իսկ խախտվում են սպառողի իրավունքները, եւ ոլորտում ստեղծում են ոչ միայն անհավասար պայմաններ, ինչն էլ, բնականաբար, մտահոգելու տեղիք է տալիս: Ես կարծում եմ, որ հակամենաշնորհային հանձնաժողովը պետք է լուրջ ուսումնասիրման ու քննարկման առարկա դարձնի թռչնի մսի շուկայում ստեղծված իրավիճակը: Տեղական թռչնի միսը կազմում է սպառման մոտ 25 տոկոսը: Ինչու ենք մենք՝ Հայրենական ապրանք արտադրողների միությունը, շահագրգռված, որպեսզի տեղական թռչնի միս շատ արտադրվի եւ իրացվի, որովհետեւ դա կխթանի նոր աշխատատեղերի ավելացմանը եւ կապահովի սպառողներին թարմ ու որակյալ մսի մատակարարումը: Մենք չգիտենք, թե դրսում այդ թռչունները ինչպես են աճեցվում, ինպիսին են ներմուծված մսի որակական հատկությունները: Ու քանի որ դա հայտնի չէ, միշտ էլ կասկածելու տեղիք է տալիս: Դրա համար կարծում եմ, որ կառավարությունը պետք է որոշակի քայլեր կատարի՝ խթանելու տեղական թռչնի մսի արտադրությանը, դա կարող է լինել հարկային արտոնությունների ձեւով, որոշակի այլ պայմաններ ստեղծելով, որպեսզի Հայաստանում իրացվող թռչնի մսի գոնե կեսը սպառվի տեղական արտադրության մսի հաշվին: Դա կնպաստի նաեւ թռչնակերերի՝ գարու եւ այլ կուլտուրաների արտադրությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն: Էլ չեմ խոսում, որ ձվի շուկայում ավելի շատ ձու կարտադրվի եւ կիջեցվի ձվի ինքնարժեքը:

– Դուք, որպես Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ եւ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, դիմե՞լ եք պատկան մարմիններին, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել նշված երեւույթները կանխելու ուղղությամբ:

– Դիմել ենք Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տեղեկանք տրամադրել թռչնի մսի ներմուծման ծավալների մասին, ունեցել ենք հրապարակային ելույթներ այդ մասին: Կարծում եմ, որ Հանրային խորհրդում հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, եւ մենք կհրավիրենք թե՛ տեղի թռչնամիս արտադրողներին, թե՛ ներմուծողներին եւ պատկան այլ մարմինների ներկայացուցիչներին: Այստեղ շատ կարեւոր է նաեւ սննդի որակի տեսչության դերը, որը պետք է պարզաբանում տա, թե այդ ներմուծվող թռչնամիսը համապատասխանո՞ւմ է սննդի անվտանգության չափանիշներին, թե՝ ոչ: Այս խնդրի մասին անհրաժեշտ է ունենալ մասնագիտական կարծիք: Խնդրո առարկա հարցը բավականին հասունացել է, ունի հանրային մեծ հնչեղություն, որը մեզ հիմք է տալիս այդ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպել:

– Վերջին տարիներին ի՞նչ տենդենց կա առեւտրաշրջանառության ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ: Ներկրողների եւ տեղի արտադրողների մեջ գրեթե բոլոր ոլորտներում միշտ եղել է ներքին հակասություն: Ներկրողները, կարծես թե, խանգարում են տեղի արտադրողներին:

– Ներմուծման եւ արտահանման հարաբերությունը, ցավոք սրտի, տարիներ շարունակ բացասական է, 2011թ.-ի տվյալներով, մեր արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է $5,48 մլրդ: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է՝ 2,8 մլրդ դոլարի չափով, արտահանում՝ $1,329 մլրդ, ներմուծում՝ $4.151 մլրդ: Դրական միտում է, որ արտահանման ծավալները աճել են 27, 7 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 10, 7 տոկոսով: 2010թ.-ին արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը կազմել էր $4,79 մլրդ: Որտեղ արտահանումը կազմել է $1 մլրդ-ից մի փոքր ավելի, իսկ ներմուծման ծավալները՝ $3,75 մլրդ: Ներմուծման ոլորտում ունենք բավականին մտահոգիչ պատկեր: Իսկ արտահանման ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ, որը արդյունք է նաեւ կառավարության՝ արտաքին առեւտրի խթանման եւ արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի ընդունման: Այդ քաղաքականության արդյունքները ավելի շոշափելի կդառնան առաջիկայում: Կարծում եմ, որ այդ քաղաքականությանը հետամուտ լինելով՝ եկող տարի կունենանք 1,5 մլրդ դոլարից ավելի արտահանման ծավալներ: Իսկ ներմուծման ծավալները աստիճանաբար կիջնեն:

– Դուք ասացիք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է հետեւողական լինի կոնկրետ թռչնի մսի արտադրության ոլորտում ստեղծված իրավիճակի նկատմամբ: Չե՞ք կարծում, որ Հայաստանում ստեղծված օլիգարխիկ-մենաշնորհային համակարգի դեմ դժվար է պայքարել, քանի որ դրանց արմատները խորացել են ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության մեջ:

– Ձեր հարցի մեջ արդեն իսկ պատասխանը կա: Իհարկե՝ խանգարում է: Բայց մեր երկրի քաղաքական ղեկավարության կողմից արդեն հայտարարվել է, որ բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից: Այս մոտեցումները հույս են տալիս հավատալու, որ օլիգարխները տեղ չեն գտնի օրենսդիր մարմնում: Կարծում եմ, իշխող կուսակցությունները ոչ միայն իրենց համամասնական ցուցակներում չեն ընդգրկի օլիգարխների, այլեւ՝ զերծ կմնան նրանց՝ մեծամասնական ընտրակարգով ընտրվելուն օժանդակելուց: Այդ դեպքում մենք ավելի շատ հնարավորություն կունենանք օգնելու մեր տեղական արտադրողներին:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829