Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն եթե անշահախնդիր ընտրություն կազմակերպի՝ կվերարտադրվի

Փետրվար 07,2012 13:16

Համոզված է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

«Հստակ կողմնորոշված երկու կուսակցությունները՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, թե կուսակցական անդամությամբ, թե աշխատանքային, վարչական ռեսուրսների բերումով ռեալ ընտրազանգվածի տեր են»,- իր դիտարկումների արդյունքը երեկ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Մնացյալ, այսպես ասած, չքաղաքականացված բնակչությունն, ըստ մեր զրուցակցի, որոշ իմաստով սպասելիքների մեջ է. «Իմ համոզմամբ՝ նրանք ավելի շատ բաժանված են ՀՀԿ-ԲՀԿ թեւերի միջեւ»: Ընդհանրապես, տիկին Խառատյանի դիտարկումներով, առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրության մեջ առանձնակի հետաքրքրություն, շահագրգռվածություն եւ սպասելիք չկա: Հանրություն ասելով տվյալ պարագայում մեր զրուցակիցը նկատի ունի նրանց, ովքեր «բարձրաձայն» չեն մասնակցում քաղաքական բանավեճերին կամ «բակային մակարդակով» են մասնակցում՝ բազմաթիվ մտավորականներ, ուսուցիչներ, շուկայում առեւտուր անողներ եւ այլն: «Այդ շերտը  քաղաքական կրքերից վաղուց հեռացել է նրանով, որ հասկացել է՝ սկզբունքորեն ընտրությունները պատկեր չեն փոխում: Միշտ  ընտրություններով իշխանությունը վերարտադրվում է իշխանության մեջ: Եթե, օրինակ, 1999-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը չլիներ, եւ դրանով արդեն իշխանությունն ինքը չբեկաներ ընտրությունների ձեւավորված տրամաբանությունը, ապա դարձյալ մենք կունենայինք նույնը: Եվ այսօրվա այդ չբարձրաձայնող բնակչությունը շարունակում է այդ նույն տրամաբանությամբ. ընտրությունը իշխանության վերարտադրությունն է՝ նույն խմբի, նույն կազմի, նույն մարդկանց համար: Կարծում եմ, որ սկզբունքորեն համոզվել են դրանում, թեեւ երբեմն դեմ են խոսում ու իրենց վարկը փորձում են հարմարեցնել այդ տրամաբանությանը՝ լեզու գտնել առկա իշխանության, նրա ադմինիստրատիվ ձեւերի հետ»:

«Առավոտի» դիտարկմանը՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ջանք չեն խնայում՝ ապացուցելու, որ իրենք շահագրգիռ են արդար եւ ազատ ընտրությունների կազմակերպման ու անցկացման հարցում. դա ոգեւորվելու տեղիք չի՞ տալիս, Հրանուշ Խառատյանը հակադարձեց. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ջանք չեն խնայում խոսելու այդ մասին, բայց ապացուցել, որ իրենք անշահախնդիր են, այդպիսի ջանքեր ես առանձնապես չեմ տեսնում»: Բացի այդ, մեր զրուցակիցը ինչպես տվյալ, այնպես էլ հնչող այլ «խոստումներում» նորություններ չի տեսնում. «Ընտրական տարի է, իսկ այդ շրջանում անշահախնդիր ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար կուրծք ծեծողները շատանում են: Բայց ես այնքան համոզված եմ, որ եթե իշխանությունը՝ Հանրապետականը, անշահախնդիր ընտրություն կազմակերպի, հենց ինքն էլ կվերարտադրվի: Պարադոքս է թվում, բայց միանգամայն սպասելի է, որովհետեւ մեր ժողովուրդը արդեն շատ հոգնել է եւ չի հավատում որեւէ իշխանության դրական կերպարին: Իսկ տվյալ իշխանությունից արդեն իր սպասելիքի աստիճանը հստակ է, պատկերացնում է: Վստահությունը, որ ցանկացած իշխանություն անելու է այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, միանշանակ է, ու եթե այսօրվա իշխանության արածը գոնե հասկանալի է, եւ արդեն կան ինչ-որ տրամաբանական կապեր, չասեմ՝ արդար կամ օրինական կապեր, ապա սովորական, պարզ մարդու համար այդ կապերը վերսկսելը շատ ավելի բարդ է: Նոր իշխանություն, նոր մարդիկ, հասարակության համոզմամբ՝ նույն վարքագծով, ու նորից պետք է այդ ամբողջ հուզումներով անցնել, ձեռքբերումներ անել… սա շատ վատ երեւույթ է, բայց իմ հետազոտություններով՝ ես արդեն համոզվում եմ, որ մարդիկ արդեն վախենում են անգամ որեւէ փոփոխությունից, քանի որ չեն հավատում, վստահ են, որ ցանկացած իշխանություն անելու է այն, ինչ այս պահին արվում է տվյալ իշխանության կողմից: Ու այս պարագայում ավելի շահագրգիռ են առկա իշխանության պահպանմամբ՝ շատ հասկանալի, պարզ, եսասիրական մղումներով»:

Հետաքրքրվեցինք՝ այսինքն՝ հանրությունը հիասթափվա՞ծ է ընդդիմադիր գործիչներից: Հրանուշ Խառատյանը նկատեց. «Բարձրաձայն չխոսող հանրությունը, գլոբալ առումով, որեւէ հույս եւ վստահություն չունի նրա հետ, ինչը այսօրվա քաղաքական քննարկումների բառամթերքում կոչվում է ընդդիմություն: Չասեմ՝ հիասթափված են, որովհետեւ հիասթափված լինելու համար նախ հույսեր են պետք»: Հստակեցրինք՝ ստացվում է՝ զո՞ւր են Հայ ազգային կոնգրեսի լիդերների վստահեցումները, որ եթե ընտրությունները ազատ եւ արդար լինեն, ՀԱԿ-ը հաղթելու է: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, դրանում որեւէ տարակույս չունեմ: Նույնիսկ եթե այդ մարդիկ իրենց ջանքերն այժմ հասցնեն այնպիսի կուլմինացիայի, ինչպիսին հասցրել էին 2008-ի փետրվարին, փետրվարյան արձագանքն արդեն չի կրկնվի»:

Ներկայիս քաղաքական զարգացումներից մեր զրուցակիցը այնպիսի պոռթկումներ չի տեսնում, որոնք կարող են հանգեցնել անակնկալների:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829