Իմ տպավորությամբ՝ մի քանի ամիս առաջ իշխանությունն ուզում էր եթե ոչ ամբողջությամբ արգելել, ապա գոնե էապես սահմանափակել օլիգարխների (այսպես կոչված՝ «գործարարների») մուտքը խորհրդարան: Դրանով փորձ էր արվում Ազգային ժողովին տալ քիչ թե շատ «մարդկային դեմք»: Բիզնեսը եւ քաղաքականությունը բաժանելու մասին համապատասխան հայտարարություն էր արել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն վերջերս այդ ծրագրերը, կարծես թե, վերանայվեցին: Դատելով նրանից, որ իրենք՝ բիզնեսմենները, արդեն իսկ հայտարարել են, որ ցանկանում են պատգամավոր դառնալ, ինչպես նաեւ քաղաքական գործիչների պնդումներից, այդ օլիգարխները բացարձակապես օլիգարխ չեն, այլ ակտիվ օրենսդիրներ, պետք է ենթադրել, որ «գործարար խավը» ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նույն քանակությամբ, եթե ոչ՝ ավելի լայն:
Դժվարանում եմ ասել, թե որն է պատճառը՝ կամ գործարարների ամբիցիաները հնարավոր չէ զսպել, կամ օլիգարխների մասնակցությունն ապահովում է իշխանությունների հաղթանակը, սակայն փաստ է, որ մեզ սպասվում է հետաքրքիր եւ «բովանդակալից» պայքար՝ ոչ միայն կուսակցությունների, ոչ միայն ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուների, այլեւ հենց օլիգարխների միջեւ: Բնականաբար, նրանք չեն բանավիճի այն մասին, թե երկրի զարգացման որ կոնցեպցիան է ավելի արդյունավետ կամ արդիական: Նրանց «բանավեճը» լինելու է բացարձակապես այլ թեմայով՝ ով է ժողովրդին ավելի «ղուրբան լինում», ով է նրա «դարդին դարման անում» եւ ով է նրա «ոտից փուշ հանում»: Բնականաբար, այդ բոլոր գործողությունները պահանջում են հսկայական ներդրումներ: Այնպես որ՝ այն ընտրատարածքներում, որտեղ իրար հետ մրցելու են օլիգարխները, ընտրողները հայտնվելու են «շահեկան» վիճակում. այդ գարնանը նրանց տանիքները կսարքվեն, փողոցները կասֆալտապատվեն, «նիսյա»-ի պարտքերը կփակվեն: Մի խոսքով՝ գործարարները բուռն «քաղաքական» գործունեություն են ծավալելու, որպեսզի հետագա 5 տարիների ընթացքում ամիսը մեկ անգամ գան խորհրդարան եւ սեղմեն «ճիշտ» կոճակներ:
Գավառում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու են երկու օլիգարխներ՝ մեկը՝ նորմալ բարձրագույն կրթությամբ, երկրորդը՝ ըստ էության, առանց որեւէ կրթության: Մանվել Բադեյանը tert.am-ին ասել է, որ ինքն ու Տիգրան Արզաքանցյանն իրար փոր չեն թափելու: Հավատում եմ. նրանք միայն փող են թափելու: Ով ավելի շատ կթափի՝ նա էլ կհաղթի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ