«Նախորդ ընտրությունները որպես, այսպես ասած, փնտրտուքի ընտրություններ՝ կարող էին անակնկալներ ունենալ, բայց հիմա նման իրավիճակ չկա»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ի դեպ, բնութագրելով ՀՀ առաջին Գերագույն խորհուրդը՝ տիկին Խառատյանը այն բնութագրում է այսպես. «Այդ ժամանակվա պատգամավորական խմբում մեծամասամբ նվիրյալներ էին, բայց հստակ չգիտեին իրենց անելիքը»: ԱԺ-ի բնութագիրն էլ այսպիսին է. «Աստիճանաբար եկավ այն պատգամավորների խումբը եւ այն քաղաքական գործիչների ժամանակը, ովքեր հստակ գիտեն իրենց անելիքը, բայց դրա համար փնտրտուք չունեն: Մարդիկ ստանդարտ նույն բանն են անում, եթե նույնիսկ տարբեր խնդիրներ են դրել, չնայած խնդիրներն էլ հստակ չեն: Միայն օրենքի գործել-չգործելն է, այն էլ՝ անձնավորված»:
«Առավոտ» օրաթերթ