Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն ֆերմաների, մարզպետարանի բաժնի վարիչի եւ «ջերսեյ» կովերի

Փետրվար 07,2012 11:45

1992թ. մարտի 12-ին Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման եւ բարեփոխումների հանձնաժողովը որոշում է կայացրել, որով Լուսաձորի տնտեսությանը պատկանող տիպային 2 ֆերմաները, խոտի ծածկը, փայտե ծածկը, սիլոսի 2 խրամատները սեփականաշնորհվել են գյուղի բնակիչ Ռաֆիկ Այվազյանին:

Ռ. Այվազյանը վերոհիշյալ շինությունների տակ գտնվող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործելու համար 2008թ. դիմել է Լուսաձորի համայնքապետարան, սակայն նրա դիմումը մերժվել է՝ պատճառաբանել են, որ դրա համար ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն: Մինչ այդ, 2004թ. հուլիսի 16-ին Լուսաձոր համայնքի նախկին ղեկավարը դիմել է Տավուշի մարզպետին, եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ պատասխանել են, որ հիշյալ օբյեկտնեըն օրինավոր կերպով սեփականաշնորհվել են Ռ. Այվազյանին:

Վերջինս անասնապահական համալիրի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու համար դիմել է անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում: Կադաստրը դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Ռ. Այվազյանը սեփականաշնորհված շենք-շինությունների համար չի ներկայացրել լուծարային հաշվին վճարված գումարի անդրորրագիր եւ օբյեկտի զբաղեցրած հողամասի նկատմամբ որեւէ իրավահաստատող փաստաթուղթ:

Ռ. Այվազյանը դիմել է դատարան: 2009թ. մայիսի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հաստատվել է նրա կողմից սեփականության իրավունքով վերոնշված գույքը տիրապետելու փաստը: 2008 թվականից Լուսաձոր համայնքը ղեկավարող Սուրեն Քոչարյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է նրա բողոքը:

2010թ. սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է մերժել Ռ. Այվազյանի հայցը: 2010թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւ մերժել է Ռ. Այվազյանի բողոքը, վերջինս դիմել է ՎՃռաբեկ դատարան: Վճռաբեկը 2011թ. հուլիսի 7-ին նրա բողոքը բավարարել է մասնակիորեն ու բեկանելով վերաքննիչի որոշումը` գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Վերջինս 2011թ. նոյեմբերի 18-ին բավարարել է Ռ. Այվազյանի հայցը: Լուսաձոր համայնքի ղեկավարի ներկայացուցիչը բողոքարկել է այս վճիռը: Այս տարվա փետրվարի 1-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է վերաքննիչ բողոքը, վճիռը պետք է հրապարակվի փետրվարի 9-ին:

Ռաֆիկ Այվազյանը զարմանում է, որ 20 տարի առաջ անասնապահական ֆերմաներ սեփականաշնորհած մյուս լուսաձորցիների ֆերմաների նկատմամբ գյուղապետ Սուրեն Քոչարյանը հավակնություններ չի ցուցաբերել, միայն իր անասնապահական համալիրի հանդեպ է դրսեւորւմ: Ռաֆիկի համոզմամբ ` պատճառն այն է, որ ինքը մյուսների նման ֆերման չի քանդել, պահպանել է եւ այն հիմա մեծ գին ունի:

Ի դեպ, Լուսաձորի համայնքի ղեկավարը անասնապահական ֆերմաների եւ մյուս գույքի նկատմամբ համայնքի իրավունքները վիճարկում է առանց համայնքի ավագանու որոշման: Մինչ կսկսվեր պտտվել դատական այս «կարուսելը», 2008թ. առքուվաճառքի պայմանագրով սիլոսի 2 խրամատների նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Արծրուն Նազարյանը: Վերջինս ծագումով լուսաձորցի է, Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչն է, Տավուշի ֆերմերների ասոցացիայի նախագահը: Ի դեպ, Արծրունը Ռաֆիկ Այվազյանի քեռու տղան է:

Եղա Լուսաձորում, վիճահարույց ֆերմայում հանդիպեցի համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի հորը` Ֆրոնտիկին, որը ֆերմայում կովեր էր խնամում: Գյուղապետի եղբայրն էլ այստեղ կթվոր է աշխատում: Ռաֆիկ Այվազյանի կողմից 20 տարի առաջ սեփականաշնորհված ֆերմայում 2010թ. պահվել են «Հայաստան» հիմնադրամի ներկրած 50 կովերը, որոնք հետո բաժանվել են Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին:

2011թ. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի հետ ապակակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր է կնքել: Դրա շրջանակներում, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի միջոցով ներկրվել են «ջերսեյ» տեսակի հղի 80 կովեր: 2011թ. նոյեմբերից դանիական ծագումով այդ կովերը պահվում են վիճահարույց ֆերմայում: Ռաֆիկը դեմ չէ, որ կովերն այստեղ պահվեն՝ միայն ցանկանում է հաստատել ֆերմայի նկատմամբ սեփականության իր իրավունքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829