Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան կախված է մազից

Փետրվար 07,2012 11:35

Մինչ կոալիցիոն յուրաքանչյուր հանդիպումից հետո իշխանական խոսնակները հայտարարում են «կոալիցիոն համերաշխության» մասին, երեկ ԱԺ-ում հերթական անգամ ապացուցվել է, որ կոալիցիան իրականում կախված է մազից։ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» եւ նույն խնդրին վերաբերող՝ կառավարության ներկայացրած օրինագծերը երեկ ԱԺ-ում տապալվել են ԲՀԿ խմբակցության պատգամավորների չքվեարկելու պատճառով։ Իրականում խնդիրն այդ օրենքների բովանդակությունը չէ, այլ այն, որ ոչ այնքան սկզբունքային նշանակություն ունեցող օրինագծերն անգամ կոալիցիան չի կարողանում անաղմուկ անցկացնել։

Ընդ որում, երեկ զավեշտալի վիճակում են հայտնվել եւ ՀՀԿ-ականները, եւ ԲՀԿ-ականները, ովքեր լրագրողներին նախ հորդորել են կատարվածի մեջ ներկոալիցիոն «խմորումների հետք» չտեսնել, ապա հնչեցրել են իրենց գնահատականները։ «Ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի եւ գործի նույնությունըԸնտրություններից մոտ երեք ամիս առաջ «Բարգավաճ Հայաստանի» այս քայլը ոչ այլ ինչ է, քան վատ կազմակերպված PR, եւ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունը փորձում է կառավարության օրինագծերը տապալելով՝ ընդդիմադիր ուժի համարում ձեռք բերել։ Թեպետ, պարզից էլ պարզ է, որ ԲՀԿին չի հաջողվելու մոլորեցնել ընտրողներին եւ տարիներ շարունակ կառավարող կոալիցիային մաս կազմելուց հետո հառնել ընդդիմադրի կերպարով»,- սա մի հատված է օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ունեցած ելույթից։

«Դա կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում էր։ Կարծում եմ՝ օրենքը բավական լուրջ քննարկվել էր, որեւէ շահերի բախում չէր կարող լինել։ Դա հակակոռուպցիոն օրենքների շարքին է պատկանում, եւ, ըստ երեւույթին, քաղաքական որոշում են կայացրել»,- այսպես էլ կատարվածը գնահատել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Հարգելի գործընկերներ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց, նա դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի այն վաղաժամկետ է մեր հասարակության համար»,- փորձել է արդարանալ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը։

Մի խոսքով, ակնհայտ է, որ կոալիցիոն գործընկերներն արդեն մի կերպ են հանդուրժում մեկը մյուսին, եւ դա տեւում է այնքան ժամանակ, մինչեւ նախագահականում կայանում է հերթական հանդիպումը, եւ ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գործիչները «հանդուրժողականության» նոր չափաբւսժիններ են ստանում։ Կբավականացնի՞ հանդուրժողականության այդ «պաշարը» մինչեւ ԱԺ ընտրություններ։ Հազիվ թե։

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829