Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոնգրեսն էլ հերթ է կանգնել Պուտինի դռանը»

Փետրվար 07,2012 11:15

Երեկ հայկական մեդիամիջավայրում տարածված թերեւս ամենաուշագրավ տեղեկություններից մեկը, Հայկ Գեւորգյանին ազատ արձակելուց հետո իհարկե, մի հայտարարություն էր Ս.Դ.Հ.Կ անունից, որտեղ ռուսաստանաբնակ հայերին կոչ էր արվում քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին՝ ասելով, որ այդպիսով նրանք «զորավիգ» են լինում նաեւ Մայր Հայրենիքին։

Ավելի ուշ պարզվեց, ինչպես տարածվեց համացանցում, որ հայտարարության հեղինակը, այսպես ասած՝ երկու ՍԴՀԿ-ներից այն էր, որը Լյուդմիլա Սարգսյանն է ղեկավարում, եւ որը Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություն է։ Սրանով իհարկե հայտարարությունն էլ ավելի ուշագրավ դարձավ, նկատի ունենալով հենց կուսակցության Հայ ազգային կոնգրեսի մաս լինելու հանգամանքը։ Բանն այն է, որ այժմ կարծես թե Կոնգրեսից պահանջվում է վերաբերմունք արտահայտել իր անդամ կուսակցության քայլի նկատմամբ, որովհետեւ թեեւ Կոնգրեսի հռչակագրում նշված է, որ նրա անդամ կուսակցությունները ազատ են ինքնուրույն գործելու, սակայն կան նուրբ հարցեր, երբ այդ ինքնուրույն գործունեության ստվերը ընկնում է բոլորի վրա։ Այլապես Կոնգրեսի լռությունը մի տեսակ կարող է ստացվել Լյուդմիլա Սարգսյանին եւ նրա կուսակցությանը հավանության արժանացնելու պես մի բան, ինչը իհարկե չի կարող խոսել Հայ ազգային կոնգրեսի օգտին։

Բանն այն է, որ այդպես պարզապես կստացվի, որ Կոնգրեսն էլ հերթ է կանգնել Պուտինի դռանն ու այնտեղ ընդունելության է սպասում Հայաստանի խորհրդարանի ընտրությունից առաջ։

Ի դեպ, այդ հարցում հատկանշական է, որ Կոնգրեսից առաջ էլ կարծես թե հերթ էր կանգնել Ռոբերտ Քոչարյանը։ Կասկած չկա, որ հերթի մեջ կլինի նաեւ Սերժ Սարգսյանը։ Այնպես որ, Հայաստանում «Պուտին» ակումբների բացման դեմ ընդվզող քաղաքացիական հասարակությունը թերեւս ճիշտ կանի առաջնորդվի Կոզմա Պրուդկովի «խորացիր արմատի մեջ» արտահայտությամբ եւ փորձի հասկանալ, թե ինչու է Հայաստանը դառնում «Պուտին» ակումբների հասցե։ Պատճառն ու հետեւանքը պետք չէ խառնել իրար, որովհետեւ երբ կա խորը պատճառը, տարբեր հետեւանքներ միշտ էլ կլինեն։ Իսկ առհասարակ, Ռուսաստանի հայերից յուրաքանչյուրն իհարկե ինքը կորոշի, թե ում օգտին քվեարկի այդ երկրի նախագահի ընտրությանը։ Գուցե որոշեն նաեւ համայնքային տարբեր ձեւաչափերով։ Բայց ուղղակի ազգային ողբերգություն է, երբ հայաստանյան որեւէ կուսակցություն որեւէ երկրի հայության կոչ է անում քվեարկել տվյալ երկրի այս կամ այն նախագահի թեկնածուի օգտին, դա համարելով զորավիգ Մայր Հայրենիքին:

«Ժամանակ»

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829