Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ԲՀԿ-ականի են ազատել, եւ ՀՀԿ-ականի

Փետրվար 06,2012 22:13

 

«էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկան

Օրերս Aravot.am-ին էին դիմել Գյումրու «էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի մի շարք հեռացված աշխատակիցներ` դժգոհելով, որ նորանշանակ տնօրեն Գագիկ Ադամյանը 9 ամիս շարունակ զբաղված է մասսայական կրճատումներ կատարելով: Ըստ նրանց, տնօրենը բուժհիմնարկ ոտք դնելուն պես հայտարարել է, թե ինձ ուղարկել են այստեղ` ձեզ մաղելու: Ու այսպես նա ազատվել է մոտ 20 հոգուց` հաշվապահ Մելանյա Այվազյանից, կադրերի բաժնի վարիչ Սուսաննա Հարոյանից, տնտեսվար Աշոտ Կարապետյանից, բուժքույր Մարիամ Հայրապետյանից և այսպես շարունակ: Բողոքավորներն ազատվածների մի հսկա ցուցակ ներկայացրին մեզ: 4 հոգու էլ` գանձապահ Գոհար Սաֆարյանին, լաբորատորայի լաբորանտներ Անահիտ Սարգսյանին ու Քրիստինե Բալոյանին ազատել է այսօր:

Քրիստինե Բալոյանը մեր զրույցում դժգոհեց, որ ՀՀԿ-ական Գագիկ Ադամյանը տնօրեն նշանակվելուն պես իրենից հետաքրքրվել է , թե ինչ կուսակցության է պատկանում լաբորանտը: Իմանալով, որ վերջինս ԲՀԿ-ական է, խորհուրդ է տվել կուսակցափոխ լինել: «Ինձ ասաց`եթե դառնաս հանրապետական, ավագ բուժքրոջ պաշտոնը քեզ կտամ: Ես հրաժարվեցի, որովհետև փոքր երեխա ունեմ ու չեմ կարող էդքան երկար մնալ պոլիկլինիկայում: Նա էլ ասաց` նայի չփոշմանես: Փաստորեն խոստումը կատարեց: 12 տարի աշխատելով ես հիմա գործազուրկ եմ դառնում: Երբ պոլիկլինիկայի հիվանդների թիվը 30 հազար էր, մենք ազգաբնակչությանը սպասարկում էինք 4 լաբորանտով, հիմա նրանց թիվը 36 հազար է դարձել, տնօրենը ամբողջ հիմնարկում թողնում է 2 լաբորանտ», -զայրացած պատմում էր Քրիստինե Բալոյանը: Նա նույնաբովանդակ նամակ հղել է նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, որի մեկ օրինակը մեր ձեռքի տակ է:

Գագիկ Ադամյան

Մենք Գագիկ Ադամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Քրիստինե Բալոյանին ազատում աշխատանքից, ԲՀԿ-ական լինելո՞ւ համար: «Նման բան չի եղել: Յուրաքանչյուր մեկը, եթե վառված է` ինչ ասես կասի, ինքը ո՞վ է որ ինձ համար, կամ էդ կուսակցության համար եղած-չեղած մի հաշիվ է: Մեծ հեղինակություն վայելող, մեծ ազգություն ունեցող մա՞րդ է, որ խնդրենք , թե արի մտի մեր կուսակցություն, որ ձայն բերես : Ընդամենը մեկ կամ երկու ձայն ունեցող քաղաքացի է: Նման բան խնդրում են էն մարդուն, որը հզոր է, մեծ ազգություն ունի, էդպես չէ՞: Ես բոլորի հետ էլ կատակ եմ արել, բոլորի հետ էլ կատակ եմ անում, ի՞նչ կա դրա մեջ», – ասաց տնօրենը` վստահեցնելով, որ իր հիմնարկում «լիքը բարգավաճ կա»:

Նա վստահեցնում է, որ երբևէ որևէ մեկին որևիցէ անգամ չի կանչել ու ՀՀԿ-ական դառնալու թեմայով չի խոսել: «Ես էսօր իրան էլ եմ ասել, ասել եմ` աղջիկ ջան, վերջացրեք էդ կուսակցական ձեր խաղիկները, մենք` անձամբ ես, բոլոր կուսակցությունների մեջ լիքը ընկերներ ունեմ, Բարգավաճում ավելի շատ ունեմ, քան հանրապետականում, դաշնակցական ընկերներ էլ ունեմ, ընդդիմություն ընկերներ էլ ունեմ, ի՞նչ է նշանակում կուսակցականացնել: Իրեն ազատել ենք, իր հետ էլ մի հանրապետականի ենք ազատել: Մյուս լաբորանտը հանրապետական է: Նրանց ազատել ենք այն պատճառով, որ հիմնարկը պարտք-տալիքի տակ է`13 ու կես միլիոն պարտք ունենք, հաստիքները նախկինում ուռճացված են եղել»,– պարզաբանեց նորանշանակ տնօրենը` լաբորանտներին անվանելով մաֆիայի պարագլուխ:

Նորանշանակ տնօրենն ազատված աշխատակիցներին մեղադրում է կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, այդ հիմնարկում տարիներ շարունակ հոր բոստանի պես աշխատելու մեջ: «Ի՞նչ է նշանակում մաղել, եթե պետական հիմնարկը, առավել ևս բուժհաստատությունը լի է ծանր, խայտառակ կոռուպցիոն երևույթներով: Ցավալի է, բայց գիտենք, որ կին տնօրեն է դատվում այս հաստատությունից»,- հիշեցրեց Գագիկ Ադամյանը, որն, ի դեպ, Գյումրու ավագանու անդամ է:

Հիշեցնենք, որ խոշոր չափի կաշառք վերցնելու ու պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով այս պահին դատվում է պոլիկլինիկայի նախկին տնօրեն, Գյումրու միակ անոթաբան Տաթևիկ Փանոսյանը:

Այս բուժհաստատության մասին առավել մանրամասն՝ տպագիր «Առավոտում» 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829