Թե ինչ է իրականում տեղի ունեցել կոալիցիոն 3 ուժերի հանդիպմանը, ինչի մասին են խոսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր մարդկանց կողմից: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը ներկա է եղել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այսօր Aravot.am-ը նրանից խնդրեց, այսպես ասած, «առաջին ձեռքից» տեղեկատվություն տալ:
Տիկին Բիշարյանը մեր զրույցի հենց սկզբում ասաց, որ կոալիցիայի նիստում ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է եւ ինքը կարող է մեկնաբանել. «Դրանք աշխատանքային հանդիպումներ են, եւ ամեն դետալ չէ, որ պետք է հրապարակային դարձնել»:
Հանդիպման պաշտոնական եւ հրապարակային մասը սա է` քննարկվել են առաջիկա ընտրությունների համամասնական, մեծամասնականի խնդիրները, եւ ընդհանրապես առաջիկա ընտրությունների հետ կապված կազմակերպչական խնդիրներ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ խնդիրներին, ըստ տիկին Բիշարյանի, նման խնդիրներն չեն քննարկվել. «3 կոալիցիոն քաղաքական ուժերն էլ շատ լավ հարաբերությունների մեջ են եւ կոալիցիոն նիստերն անցնում են շատ ջերմ հարաբերությունների շրջանակում»:
Կարդացեք նաև
Մենք փորձեցինք ճշտել` տիկին Բիշարյանը չի՞ լսել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասում` «ոնց կասես»: Տիկին Բիշարյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց` ասելով. «Ամեն մանրուք չէ, որ պետք է հրապարակային դարձնել, ամեն մանր խոսակցություներ: Այնտեղ կան ջերմ խոսակցություններ, իսկ ջերմ խոսակցության ընթացքում կարող են տարբեր կերպ ձեւակերպվել մտքերը: Իսկ դրանք հրապարակային դարձնել կամ քննարկել, քննադատել` ես դա կոռեկտ չեմ համարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ