Մարտի 4 – ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալու են նախագահական ընտրություններ: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է անում, որպեսզի այդ ընտրություններում ձայն տան «միակ արժանի թեկնածուին` Վլադիմիր Պուտինին»:
Aravot.am-ին ՍԴՀԿ-ի տրամադրած հայտարարության մեջ ասված է. «Դուք` տեղաբնակներդ, հիշում եք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում` ԽՍՀՄ փլուզումից հետո վիթխարի երկիրը հայտնվել էր կործանման եզրին, բնական պաշարներով երկրագնդի ամենահարուստ տարածքը սովի էր մատնվել, մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ թոշակառուներին չնչին կենսաթոշակը չէին կարողանում վճարել: Երկիրը ներսից քայքայում էին կլանաօլիգարխիկ համակարգը, համատարած կոռուպցիան, իսկ Հյուսիսային Կովկասում ծայր էր առել Ռուսաստանը փլուզող, դրսից հրահրվող-ֆինանսավորվող քաղաքացիական պատերազմը:
Միջուկային գերտերություն էր կործանվում, ինչը կհանգեցներ աշխարհակործան հետևանքների։ Եվ Վլադիմիր Պուտինը այն մարդն է, ում հաջողվեց երկիրը դուրս բերել այդ վիհից:
Ազգակիցներ, Պետական Դումայի ընտրություններից հետո մենք հետևում ենք այն իրադարձություններին, հանրահավաքներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում: Այդ խժդժությունները սկսվեցին այն բանից հետո, երբ եվրոպական դիտորդական առաքելությունը, արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասական գնահատեցին ընտրություններին: Այն ընտրախախտումները, որոնք այսօր շահարկում են Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը, Հայաստանում անցկացված վերջին չորս ընտրությունների համեմատությամբ ուղղակի ծիծաղելի են: Մեր ընտրատարածքներից առևանգել, ծեծի, ահաբեկության են ենթարկել վստահված անձանց, ընդիմադիր գործիչների, կեղծ ցուցմունքներով ընդդիմության ներկայացուցիչներին բանտերն են նետել: 2008թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում խաղաղ ցուցարարների վրա ինքնաձիգերից կրակ բացեցին, ինչի արդյունքում 10 մարդ սպանվեց և 182 զինվոր վիրավորվեց: Այս ամենը կատարվել է ազգային անվտանգության, ոստիկանության, բանակի օպերատիվ ծառայությունների տեսախցիկների առկայության պայմաններում, սակայն մինչ օրս սպանություններ կատարողներից, հրազենային վնասվածքներ հասցնողներից և ոչ մեկը հայտնաբերված չէ: Իշխանությունը, իր իսկ կատարած ոճրագործությունները թաքցնելու նպատակով, 135 ընդիմադիր գործիչների բանտեր նետեց: Եվ նման խայտառակ, մարդկային բոլոր հնարավոր պատկերացումներից անդին, այլասերված ընտրությունները եվրոպական «անաչառ ու ժողովրդավարական» դիտորդական առաքելությունը գնահատել էր «եվրոպական չափանիշներին համապատասխան»: Հայաստանում հեռուստաեթերը ամբողջապես գտնվում է իշխող հանցախմբի լիակատար ենթակայության ներքո կամ ուղղակի նրա սեփականությունն է: Այս առումով Եվրոմիության բարձրագույն ատյաններում տարիներ շարունակ լրջագույն բանաձևեր են ընդունվել, որոնք սակայն մնացել են լոկ թղթի վրա: Եվրոպական համամարդկային արժեքների, ժողովրդավարության քարոզիչները ի լուր աշխարհի հայտարարեցին, թե` փակում են Երևանում 2008թ. մարտի 1-ի ոճրագործության էջը: Ձեզ քաջ հայտնի է, թե Երևանում ինչպես են գնդակահարել անմեղ ցուցարարներին, և հանկարծ Եվրամիությունում որոշում են… այդ էջը փակել. կհարցնեք` ինչու, պատասխանը հստակ է` ամեն գնով պահպանել Երևանի խամաճիկային վարչակարգը: Քանզի որքան թույլ, կամազուրկ, ժողովրդի վստահությունը չվայելող, հլու-հնազանդ, կառավարելի լինի տվյալ երկրի նախագահը, այնքան` լավ:
Կարդացեք նաև
Այժմ հարց է ծագում` ինչու՞ են Հայաստանի պարագայում դիտորդները կուրանում ու խլանում, իսկ Ռուսաստանի ընտրություններում նույնիսկ տեսնում բաներ, որոնք չեն եղել: Խնդիրը պարզ է` Ռուսաստանը պետք է Գորբաչովի կամ Ելցինի նման քաղաքական գործիչներ ունենա և ոչ մի դեպքում Պուտինի նման առաջնորդ, որը կզորացնի երկիրը, թույլ չի տա նրա մասնատումն ու ոչնչացումը:
Ազգակիցներ, խնդրում ենք աչալուրջ լինել, միաժամանակ` երախտագետ, մի մոռացեք` այդ երկիրը ժամանակին գրկաբաց ընդունել է ձեզ, հնարավորություն տվել հաց վաստակել, օթևան ունենալ և արժանապատիվ ապրել: Վ. Պուտինի շուրջ այսօրվա աղմուկը պատահական, ինքնաբուխ ըմբոստության դրսևորում չէ, այն խորը և լուրջ մշակված` Ռուսաստանի ոչնչացման ծրագրի միայն տեսանելի վերնաշերտն է:
Ազգակիցներ խնդրում և հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին:
Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետևյալ պաստառը.ՙ Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»: