Հայաստանի մոտ 900 համայնքից 40-ում, փետրվարի 12-ին ընտրելու են համայնքապետեր: Սա այս տարի ՏԻՄ առաջին ընտրությունն է և վերջին ընտրությունը ՀՀ ԱԺ ընտրությունից առաջ, սակայն ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած ոչ բոլոր ուժերն են ակտիվ մասնակցում ՏԻՄ ընտրությանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ Կոնգրեսում հավաքված 18 կուսակցություններից եւ ոչ մեկը այս ընտրություններում չունի ներկայացուցիչ: Միայն Հրազդանում քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել ՀԱԿ-ական Սասուն Միքայելյանը, այն էլ` սեփական նախաձեռնությամբ, Կոնգրեսը նրան չի առաջադրել, բայց սատարում է:
Առանձնապես ակտիվ չեն նաեւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: ԲՀԿ-ն թեկնածու ունի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում` Հատիս և Սեւաբերդ գյուղերում` այստեղ առաջադրվել են միայն գործող գյուղապետերը` Սամվել Գարսեւանյանն ու Հակոբ Բաբայանը եւ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում` Անդրանիկ Վիրաբյանը, որը մրցելու է երկու հանրապետականների հետ` գործող գյուղապետ Հայկ Քամալյանի եւ Արթուր Վանեսյանի:
Կոտայքի Քանաքեռավան գյուղում ԲՀԿ-ն թեկնածու չունի, այստեղ էլի մեկ թեկնածու կա՝ վերջին 10 տարին գյուղապետ հանրապետական Ջիվան Քամալյանը:
Կարդացեք նաև
Կոալիցիոն «Օրինաց երկիրը», ԲՀԿ-ն նման միայն երեք գյուղում են ուժերը փորձում: Շիրակի մարզի Նահապետավան գյուղում երեք անգամ գյուղապետ ընտրված Սաշա Վարդանյանն է նորից առաջադրվել եւ պայքարելու է անկուսակցական Գոռ Պետրոսյանի հետ: Շիրակի Գեղանիստ գյուղում էլ գործող անկուսակցական գյուղապետ Աղասի Ղազարյանի մրցակիցը ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանն է: Եվ վերջապես Շիրակի Տուֆաշեն գյուղում գյուղապետ դառնալու համար կպայքարեն անկուսակցական Յուրիկ Կիրակոսյանը, ՕԵԿ-ական Ալիկ Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Եգորյանը:
Հենց Հանրապետական կուսակցությունն էլ ամենաակտիվն է: Այնքան ակտիվ, որ մի քանի գյուղում ընտրապայքարը ընթանալու է «Հանրապետականն ընդդեմ Հանրապետականի» ձեւաչափով:
«Հանրապետականն ընդդեմ Հանրապետականի» ընտրություն անցյալում էլ էր եղել Տավուշի Աչաջուր, Լոռու Մարգահովիտ եւ այլ գյուղերում: Բայց եթե այս դեպքերում մի աթոռի համար երկու Հանրապետական էր «կռիվ» տալիս, ապա հիմա Գեղարքունիքի Նորաբակ, Լոռու Չկալով գյուղերում մեկ աթոռի համար պայքարում է ամբողջ երեք Հանրապետական. Նորաբակում`գործող գյուղապետ Գարիկ Ասատուրյանի մրցակիցներն են Հովհաննես Զարգարյանն ու Հայկազ Մարկոսյանը: Իսկ Չկալովում գործող գյուղապետ Վիլուն Շաքարյանի հետ կմրցեն Ռոման Շաքարյանն ու Ռոման Մխիթարյանը:
Երկու Հանրապետական մեկ աթոռի համար պայքար էլ կա: Նման ընտրություն է լինելու Արագածոտնի Սարալանջ, Գեղարքունիքի Զովաբեր, Լոռվա Բլագոդարնոյե, Շիրակի Պեմզաշեն եւ Գառնառիճ, Տավուշի Խաշթառակ գյուղերում:
Բայց Հանրապետականների ամենահետաքրքիր եւ թեժ պայքարը լինելու է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդավայրում: Թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանի ազգականը չէ, բայց նրա հովանավորյալն է: Գրիգոր Գրիգորյանը Արշալույսի միակ եւ անմրցակից գյուղապետ էր այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանի եղբայրները եւ եղբորորդիները գեներալի հետ հակասություններ չունեին: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ գեներալի եղբորորդին՝ ՀՀԿ ցուցակով պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, հրապարակավ «ուրացավ» հորեղբորը եւ հավատարմության երդում տվեց ՀՀԿ-ին, գեներալի հովանավորյալ գյուղապետի տասնամյակների գործունեության մեջ հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ: Արտահերթ ընտրություններում գյուղապետ «ընտրվեց» գեներալի մյուս եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը, որը Հրանտ Գրիգորյանի համակիրն ու համախոհն էր: Իսկ գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանն անգամ 3 տարվա ազատազրկման ենթարկվեց ու միլիոնների տույժ-տուգանքներ մուծեց:
Առաջիկայում նաեւ Արշալույսում են ընտրություններ եւ հիմնական թեկնածուները լինելու են նախկին գյուղապետ, գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանն ու գործող գյուղապետը՝ գեներալի ազգական, հանրապետականներին հավատարիմ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հովանավորյալը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ