«Նման բան չկա, դա շինծու բան է: Դա Աշոտ Սարգսյանի հիվանդագին եւ շինծու մոտեցումն է, որը դժբախտաբար ուրիշի անուն-ազգանունն է օգտագործում»,- այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսպես արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, որ «Վիքիլիքսի» հրապարակումների համաձայն՝ ՀԱԿ-ում նա ներդրված է եղել իշխանության կողմից: Ըստ պարոն Քոքոբելյանի` «Իհարկե, «Վիքիլիքսը» որպես չափորոշիչ չեմ համարում, բայց մի բան ակնհայտ է, ես ի՞նչ եմ ասել: Ասել եմ այն մոտեցումները, որոնք բխում են Ղարաբաղի հետ կապված խնդիրներից, որ Ղարաբաղի զիջման արդյունքում կարող է որեւէ քաղաքական ուժ գալ իշխանության, ինձ համար ընդունելի չեն: Ես հպարտ եմ, որ ուղիղ կանգնել եմ եւ դիվանագետներին ասել, որ այդ մոտեցումը Հայաստանի պետական շահին դեմ է: Ես երբեք Կոնգրեսի ներսում եղած որեւիցե խոսակցություն Կոնգրեսի շրջանակից դուրս չեմ հանել, իսկ դուք փորձում եք իմիտացիա ստեղծել, որ նման բան կա:Ղարաբաղի հարցով ես եւ իմ ընկերները միշտ ունեցել ենք մեր պատկերացումները եւ պաշտպանել ենք այդ պատկերացումները, չենք փոխել դրանք: Ակնհայտ է, որ Ղարաբաղը կայացած միավոր է, եւ դրա հետ պետք է հաշվի նստի միջազգային հանրությունը: Մենք, որպես քաղաքական գործիչներ, պիտի կարողանանք այնպես անել, որ հասնենք նրա լիակատար ճանաչմանը: Փոխզիջումները պետք է արվեն միայն այն դեպքում, եթե դրվի անկախության խնդիրները: Ես այն կարծիքին չեմ, որ մինչեւ Ղարաբաղի խնդիրը չլուծվի, Հայաստանի պրոբլեմները չեն վերանա»:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություներին, պարոն Քոքոբելյանը ՀԱԿ-ին եւ առհասարակ ընդդիմությանն առաջարկում է քաղաքական կամք ունենալ եւ բոլոր տեղամասերում, անգամ գաղափարական մոտեցումների տարբերության դեպքում, տարբեր թեկնածուների չպաշտպանել, որպեսզի ավելի վերահսկելի դարձնեն. «Եթե խաղի կանոններն այսօր դա են, պետք է այդ խաղի կանոններով խաղալ եւ փորձել հնարավորինս ընձեռնված հնարավորությունից օգտվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ