Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ համբույրի մասին. Համբույրը կանխում է կնճիռների առաջացումը

Փետրվար 06,2012 16:34

«Առաջին անգամ համբուրվել եմ 18 տարեկանում: Մենք մենակ էինք: Սկզբում նրբորեն համբուրեց ձեռքս, հետո չզգացի, թե ինչպես նրա շուրթերը սահեցին իմ շուրթերի վրայով: Ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհը ինձ ամոթանք է տալիս, մտքումս ասում էի` կներես մամ»,- պատմում է է Կարինեն ու անկեղծանում` հիմա այն սովորական է դարձել իր համար:

Համբույր սովորաբար նշանակում է շուրթերի հպումը որևէ առարկայի կամ անձնավորության, որը հաճախ ուղեկցվում է գրկախառնությամբ։ Տարբերվում են համբույրի մի քանի տեսակներ` ընկերական համբույր (համբուրում են կամ այտը, կամ էլ ձեռքը), հարգանքի (համբուրում են ձեռքը կամ մատանին), գորովալից համբույր – (Ավելի հաճախ համբուրում են երեխաներին ու կենդանիներին (քիթիկը, ճակատը, կենդանիների դեպքում էլ՝ հաճախ համբուրում են ոչ թե շուրթերով, այլ այտով), «Հուդայի համբույր» ` կեղծ, ցուցադրական, սիրային համբույր, որն էլ իր հերթին լինում է քնքուշ և կրքոտ և այլն:

Վերջինիս վերաբերյալ հոգեբան Աննա Վարդանյանն ասում է. «Սերը կարող է ուղեկցվել համբույրներով, սակայն դեռահասներին խորհուրդ չի տրվում, քանի որ այդ քայլին կարող են գնալ՝ առանց սիրելու և գիտակցելու: Համբույրներն էլ իրենց հերթին կարող են առաջանալ որպես զգացմունքի դրսևորում, որպես պահանջ կամ էլ ուղղակի կարող են սովորության վերածվել »,-ասում է հոգեբանն ու հավելում, որ գրեթե միշտ առաջին քայլը տղաներն են կատարում, քանի որ աղջիկները բնավորությամբ ավելի զուսպ ու ամաչկոտ են: Աղջիկներից ոչ պակաս հաճախ ամաչում են նաև տղաները: Այս առթիվ հոգեբանն ասում է. «Եթե աղջիկը անթարթ նայում է ուղիղ տղայի աչքերի մեջ՝ առանց հայացքը թեքելու, իսկ վերջինս էլ` նրա, ապա լավագույն միջոցն է համբուրվելու համար: Սակայն մինչ այդ, լարվածությունը թուլացնելու համար տղան կարող է խաղալ աղջկա մազերի հետ, շոյել նրան ու որևէ հաճելի խոսք ասել, այնուհետև շութերով հպվել նրա ճակատին, մազերին, ապա նոր շուրթերին»,-ասում է հոգեբանն ու նշում, որ ամենադժվարը առաջին համբույրն է:

Հին Բաբելոնում եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը, իսկ Նեապոլում հրապարակային համբուրվելու դեպքում սպառնում էր մահապատիժ: Թեպետ ներկայումս մեզ մոտ բանը դրան չի հասնում, բայց հասարակության լայն զանգվածների կողմից այդքան էլ ընդունված չէ. «Մեր այգիները վերածվել են եսիմ ինչերի, ինչքա՞ն կարելի ա, ամոթ ա, չէ՞, մարդ չի կարում թոռանը տանի ման տալու»,-բողոքում է Ռոզա տատիկը: Իսկ 18-ամյա Դիանան էլ ասում է. «Մի քիչ տհաճ է, երբ դիմացդ համբուրվում են` այն էլ երեխաների մոտ, ովքեր դրան թեթևամտորեն են վերաբերում, բայց մյուս կողմից էլ սերը այնպիսի զգացմունք է, որ չես կարող կառավարել, իսկ արտասահմանում դա սովորական երևույթ է»: Նրա հետ համաձայն է նաև Սուրենը. «Ընկերուհուս համբուրում եմ միայն այն վայրերում, որտեղ բացի մեզնից ոչ ոք չկա, որպեսզի նա իրեն վատ չզգա, երևի կգա մի ժամանակ, երբ հանրության առջև համբուրվելը մեզ մոտ ընդունված կլինի»,- ասում է նա:

Ժամանակակից հոգեբանության կարծիքով համբույրը հանգստացնում է նյարդային համակարգն ու կանխում սթրեսները: Նվազում է կորտիզոլոնի արտադրությունը, որը կարող է սթրեսի պատճառ դառնալ: Համբույրի հորմոններ են սերոտոնինը (բավարարում է համբուրվողների տրամադրությունը), ադրենալինը (պատասխանատու է սրտի արագացած զարկերի համար), դոպամինը (պատասխանատու է ուրախության և ցավի համար), օքսիտոցինը, որն էլ պատասխանատու է սիրո և կապվածության համար, նրա արտադրությունը մի քանի անգամ ավելի շատ է տղամարդկանց մոտ:

«Սիրեք քիմիան, այն պետք կգա և համբուրվելիս մի մեծ ռեակցիա»: Առաջին հայացքից զվարճալի թվացող այս խոսքերի մեջ նաև ճշմարտություն կա: Ինչպես հաղորդում է www.invalid.com-ը՝ համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր, նաև բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են: Ամեն համբույրի ժամանակ գործի են դրվում շուրջ 34 մկան, ինչը դանդաղեցնում է կնճիռների առաջացման գործընթացը: Շատերի մոտ կա այն վախը, որ համբույրից կարող է ինֆեկցիա առաջանալ, սակայն մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ: Բացի այդ թքի մեջ կա անդրոստերոն, որը մեծացնում է սեքսուալ ցանկությունը:

Իսկ ԱՄՆ համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ իրենից մեծ վտանգ է ներկայացնում «ֆրանսիական համբույրը»: Ֆրանցիացիները այն համարում են «հոգիների համբույր», որի ընթացքում սրտի զարկերը 70-ից հասնում են 150-ի: Սակայն լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է փոխանցել 200-ից ավելի տեսակի բակտերիաներ: Այս դեպքում մեծ է հարբուխի, ցանի առաջացման հնարավորությունը: Իսկ ինչպես հաղորդում է www.blog.liberal.am–ը` 2005-ի նոյեմբերին Կանադայում 15-ամյա մի աղջիկ մահացել է իր ընկերոջ հետ համբուրվելուց հետո: Պարզվում է`աղջիկն արախիսից ալերգիա ուներ, իսկ տղան հանդիպումից առաջ արախիս էր կերել: Մի քանի ժամ անց աղջիկը մահանում է անաֆիլատիկ շոկից:

Վերջերս էլ սինգապուրցի գիտնականները համացանցից օգտվողների համար ստեղծել են ռոբոտ Kissinger-ին: Նրա սենսորային դաշտը հնարավորություն է տալիս սիրահարներին ոչ միայն տեսնել միմյանց համբույրը, այլև զգալ. այն նույն վայրկյանին նույնությամբ փոխանցում է մարդկանց համբույրը: Մարդկանցից բացի՝ շուրթերով համբուրվում են նաև շները, ձիերը, կապիկները և ձկները: Կան ձկներ, որոնք կարող են համբուրվել ավելի քան 25 րոպե:
Սեպտեմբերին Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ: Իսկ համբույրի տեսարաններում ամենաշատ նկարահանվել է Ջոն Բերիմորին 1926 թվականին «Դոն Ժուան» ֆիլմում: Անգլիական Նյուքասլ քաղաքացի մի ռեկորդակիր էլ կարողացել է 8 ժամում համբուրել 4444 կնոջ: Ջրի տակ համբույրի ռեկորդն էլ գրանցել է մի տոկիոցի զույգ` 2 րոպե, 18 վայրկյան: Հիշեցնեմ, որ համբույրի միջազգային օրը նշվում է հուլիսի 6-ին: Այն առաջացել է Մեծ Բրիտանիայում, հետո տարածվել մյուս երկրներում:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829