Երեկ՝ փետրվարի 5-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ, 21-ամյա Նոյ Մուսաելյանն է։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված երիտասարդին հայտնաբերել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ–քննչական գործողությունների արդյունքում։
Նշված երիտասարդը կասկածվում է այս տարվա հունվարի 25-ին, Երևան–Աբովյան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի տարածքում գործող «Ֆլեքսո» տպարանի 52-ամյա Ալեքսանդր Ստեփանյանի և գործավար 25-ամյա Սոնա Ֆարմազյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, Ն. Մուսաելյանը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ պարզելու և հայտնաբերելու նրա հանցակից ընկերոջը։
Ինչպես այդ օրը դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված 2 հոգի, զինված ատրճանակով, դանակով և կաստետով, ներս էին մտել Երևան–Աբովյան ավտոճանապարհի վրա գտնվող Վերին Պտղնի գյուղի հատվածում գործող «Վանուհի–Վահան» ՍՊԸ–ին պատկանող «Ֆլեքսո» տպարան։ Արդեն ներսում դիմակավորված անձիք բռնություն էին կիրառել այդ պահին տպարանում գտնվող տնօրեն 52-ամյա Ալեքսանդր Ստեփանյանի և գործավար 25-ամյա Սոնա Ֆարմազյանի նկատմամբ, կապել նրանց, ծեծի ենթարկել, որից հետո այնտեղից հափշտակել էին 800 հազար դրամ գումարը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ հանցագործություն կատարողները բացի դիմակավորված լինելուց եղել էին նաև մգեցված ակնոցներով և ավելի շատ «կաստետով» հարվածներ էին հասցրել տնօրենին։ Պատմել էին նաև, որ նախկինում նույն տնօրենի նկատմամբ եղել էր մեկ այլ ավազակային հարձակում, իսկ մեկ անգամ էլ այրել էին նրա ավտոմեքենան։ Տնօրենը տեղափոխվել էր հիվանդանոց, քննիչի որոշմամբ նրան տրվել էր դատաբժշկի ուղեգիր։