Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց 2012 թ. գերակայություններից եւ անելիքներից: Այդ համատեքստում նա անդրադարձավ գրատպությանը, Մատենադարանի հին եւ հանրային գրադարանի թումանյանական մասնաշենքերի վերանորոգմանը, Թեղուտին, Դերենիկ Դեմիրճյանի թանգարանին ու աճյունին, անգամ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մեր երկրի մասնակցությանը:
«Բոլոր գործող գրավոր ժառանգության հիմքերը օգտագործելու ենք ժամանակակից ապրելակերպը ձեւավորելու ուղղությամբ, որպեսզի մեր հասարակության մեջ մասսայական տարածում ստանա ընթերցանությունը, բարձրանա տեղեկատվության մակարդակը , ինչպես նաեւ ընդհանուր գրագիտությունը»,-հայտարարեց նախարարը:
Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է անպայման մասնակցի Եվրատեսիլին. «Մենք բոլոր ձեւաչափերով պետք է հնարավորինս բոլոր վայրերում շատ մասնակցենք, մասնակցությունը Հայաստանին միայն օգուտ է»:
Aravot.am-ը իբրեւ ամենաքննադատված եւ ամենաերկարակյաց մշակույթի նախարարի՝ Հասմիկ Պողոսյանին խնդրեց մեկնաբանել անվանի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանի հետեւյալ պնդումը, թե «կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետև եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»: Մշակույթի նախարարը հարցից նեղսրտելով ասաց. «Չեմ էլ ցանկանում մեկնաբանել… Ես պատրաստ եմ երկխոսության մտնել միայն կոռեկտ արտահայտվող անձնավորությունների հետ, ոչ կոռեկտ ձեւաչափերում ասելիք եւ բնականաբար մեկնաբանելու ցանկություն էլ չունեմ»:
Կարդացեք նաև
Քանի որ նախարարը վերջերս «Մովսես Խորենացի» մեդալ էր ստացել, որը տրվում է մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների ու արվեստի բնագավառում ստեղծագործ, ակնառու նվաճումների համար, խնդրեցինք նշել իր 3 ամենակնառու եւ ստեղծագործ նվաճումները:
«Եթե շնորհվել է, ուրեմն դրա տակ կա հիմնավորում եւ ինքս չպետք է դա հնչեցնեմ, կգերադասեի այսօր պատասխանել այն հարցերին, որոնք երկրի համար ավելի կարեւոր են, քան իմ անձը»,-ասաց նա:
Խոսելով վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր ռեժիսոր նշանակված Տիգրան Գասպարյանի մասին, նախարարն ասաց, որ դա եղել է թատրոնի ստեղծագործական անձնակազմի խնդրանքով, նախարարությունն էլ չի մերժել: Նաեւ հավելեց, թե Տիգրան Գասպարյանը սունդուկյանցի է իր բնույթով եւ էությամբ:
Մեր դիտարկմանը, որ «բնույթով եւ էությամբ սունդուկյանցի» գլխավոր ռեժիսորն այսօր հեռուստասերիալներից մեկում մաֆիոզի է մարմնավորում՝ Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, թե դերասանական անձնակազմի համար սերիալներն օգուտ են, ու վկայակոչեց այն փաստը, որ գլխավոր ռեժիսորի մյուս թեկնածուն՝ Արմեն Էլբակյանն էլ է սերիալում նկարվում:
Ի դեպ, Արմեն Էլբակյանին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տեսնելու համար, Թատերական գործիչների միությունը դեռ 2 տարի առաջ էր նամակով դիմել նախարարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ