Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղածները չեն գործում, բայց նորն է ստեղծվելու

Փետրվար 06,2012 16:21

Տավուշի մարզում 47 հազար հա արոտավայր կա, որի մեծ մասը հեռագնա սարերում է եւ չի օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով: Այդ խնդիրը լուծելուն է ուղղված Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2011թ. սկզբից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Այն կշարունակվի մինչեւ 2015 թվականը:

Ծրագրում Տավուշի մարզից ընդգրկված է 10 համայնք. 6-ը՝ Իջեւանի, 4-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Նախատեսվում է սարամասերում եւ համայնքների տարածքում անասունների համար խմելու ջրի ապահովում, սարերի աղբյուրների հենքի վրա անասունների ջրարբիացման հրապարակների կառուցում եւ խմոցների տեղադրում: Նախատեսվում է հեռագնա սարերի էլեկտրաֆիկացում: Մարզի 10 համայնքներում ստեղծվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ: Համայնքներում անասունների կերի լրացուցիչ բազա կստեղծվի, կոոպերատիվների անդամների հողերում կցանվի գարի՝ կորնգանի ենթացանքով: Ցանքի ծախսի կեսը կհոգա ծրագիրը, կեսը՝ ֆերմերը:

Նախատեսվում է նաեւ կոոպերատիվների համար ձեռք բերել «Բելոռուս» տրակտորներ՝ խոտհնձիչով, խոտ հավաքող մեխանիզմով եւ այլն: Կկատարվի էրոզիայի ենթարկված արոտավայրերի բարելավում. հողի մակերեսային շերտը տրակտորով կփոցխվի եւ շարքացանով կցանվեն խոտաբույսերի սերմեր: Ծրագրով նաեւ ֆերմերներին գյուղատնտեսական գիտելիքներ են ուսուցանվելու:

Մարտ-ապրիլ ամիսներին Իջեւանի Աղբղա սարում կսկսվի կաթի ընդունման եւ վերամշակման արտադրամասի շինարարությունը, 6 կոոպերատիվները կմիավորվեն, շենք կկառուցեն, կաթի ընդունման եւ վերամշակման սարքավորումները կտրամադրի ծրագրի իրականացման գրասենյակը: 10 համայնքներից յուրաքանչյուրում, ընդհանուր առմամբ, կարվեն 240 հազար դոլարի աշխատանքներ:

Ծրագրի Տավուշի մարզային թիմի համակարգող Պավել Ցուցուլյանին հարցրի՝ մտավախություն չկա՞, որ սուղ բյուջե ունեցող համայնքները չեն կարողանա կատարել ծրագրի արժեքի 5% ներդրումները: Նա ասաց, որ համայնքների ղեկավարները հավաստիացրել են, որ ի վիճակի են պահանջվող ներդրումներն ապահովել: Խնդիրներ կարող են ծագել նաեւ կաթի ընդունման եւ վերամշակման արտադրամասի գործունեության հետ կապված:

Մի քանի տարի առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Իջեւանի Ազատամուտ, Բերդի տարածաշրջանի Նորաշեն եւ այլ համայնքներում կաթի ընդունման կետեր բացեց: Դրանք մինչ օրս անգործության են մատնված:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829