Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն անկեղծացավ եւ մանրամասներ ներկայացրեց, թե որն է եղել իր եւ մյուս կուսակիցների` ՀԱԿ-ից հեռանալու եւ հիասթափվելու իրական պատճառը: Ըստ նրա, ՀԱԿ-ի հետ իենց տարաձայնությունները եղել են կազմակերպչական, ռազմավարության, անդամակցության խնդիրների շուրջ. «Մենք չկարողացանք մեր վստահված ձայնին տեր կանգնենք այնպես, ինչպես պետք է կանգնեինք: Ակնհայտ է, որ հաղթանակած ժողովրդին մենք չկարողացանք հասցնել տեղ, դա փաստ է, եւ ոչ մեկը թող իր մեղքի բաժինը չկորցնի»:
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե ընտրությունները կեղծվեն` այդ դեպքում ինչպե՞ս է «Ազատ դեմոկրատները» ընտրողների ձայները տեղ հասցնելու: Ըստ պարոն Քոքոբելյանի` «Քաղաքական ուժը եւ քվեների տերը պետք է գտնվի ավելի սկզբունքային: Ես չեմ ասում, որ ընտրություններից հետո պետք է գնալ ավելի սուր բաների, ապստամբությունների եւ այլն: Պետք է այնպիսի քաղաքական իրողություն ստեղծել, որից չկարողանա հակառակորդը խուսափել: Բանակցությունների մասին շատ է խոսվում կամ երկխոսության, ես միշտ կողմնակից եմ եղել երկխոսության, բայց ոչ այդպիսի: Բանակցություններ վարելու ճիշտ պահ են ընտրում, չեմ ուզում այդ դետալների մեջ մտնել: Բանակցությունների գնում են ուժեղ ժամանակ, ակնհայտ է, որ հետընտրական ժամանակահատվածում քաղաքական ուժն ավեlի ուժեղ է, քան մեկ տարի անց: Դա պարզ իրողություն է, որի հետ հաշվի չնստել չի կարելի: Ներսի խոհանոցը դուրս հանելն անշնորհակալ գործ է, ես չեմ ուզում, բերեք սահմանափակվենք այսքանով: Ես հպարտ եմ իմ անցած ճանապարհով, ամաչելու ոչինչ չկա երբեք: Հիմա ակնհայտ է, որ դա ձախողում է եղել, մենք էլ մեր պատկերացումներն ունենք, կփորձենք դրանք իրականացնել»:
Քանի որ լրագրողներն անընդհատ տարբեր հարցերով փորձում էին նոր մանրամասներ լսել Խաչատուր Քոքոբելյանի` ՀՀՇ-ից հեռանալու մասին, նա այսպես եզրափակեց թեման` «ՀՀՇ–ից հեռացել ենք, որովհետեւ մենք չենք ուզեցել, որ այնտեղ տեղի ունենան վայրիվերումներ, չենք ուզեցել, որ մեր մոտեցումների մինչեւ վերջ պաշտպանելու արդյունքում տեղի ունենան պրոցեսներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ