Այսօր «Հայելի» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանի հետ բանավեճի հրավիրված նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը բոյկոտեց ասուլիսը՝ հրաժարվելով ոգելից խմիչքի գովազդի ֆոնին ասուլիս տալ: Թեման էր՝ «Հայաստանում նարկոլոգիական խնդիրները»:
«Ես չեմ պատրաստվում գովազդել ձեր գինիները»,-ասաց պարոն Սեմերջյանը եւ հեռացավ:
Թեմայի շուրջ զրույցի հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը մենակ խոսեց` հընթացս պարզաբանելով, որ գինին նույնիսկ օգտակար է: Ինչ վերաբերում է թմրամոլությանը, ապա հոգեբանը նշեց, որ մարդու համար թմրանյութը ամենաշատ կախվածությունն առաջացնողն է, ամենադժվար հաղթահարելին եւ ամենակործանարարը: Ինչպես մասնագետն ասաց, այս տեսակի կախվածության մեջ ընկած մարդիկ հաճախ մի կախվածությունից անցնում են մեկ այլ կախվածության:
Ըստ նրա, թմրանյութերը թողնում են՝ սկսում են խմել, կամ էլ մտնում են որեւէ աղանդավորական խմբի մեջ, քանի որ կյանքի իմաստն են համարում Աստծուն ծառայելը. «Կան դեպքեր, որ աղանդի մեջ մտնելուց հետո տարիներով չեն օգտագործել թմրամիջոց, բայց այդ անձանց, փաստորեն, շահագործում են, անձը փչացնում են»:
Կարդացեք նաև
Պարոն Խուդոյանի համոզմամբ՝ թմրամիջոցներից կամ ալկոհոլիզմից ազատվելու համար անհրաժեշտ է համատեղել դեղորայքային եւ հոգեբանական բուժումը: Ընդ որում, ըստ հոգեբանի, եթե ալկոհոլիզմի պարագայում բավականին լուրջ արդյունքներ են լինում, ապա թմրանյութերից կախվածության մեջ գտնվողների դեպքում ավելի բարդ է:
Սամվել Խուդոյանի ներկայացմամբ՝ լինում են դեպքեր, երբ թմրամոլն իմանում է, որ լյարդի հիվանդություն ունի, կամ ծխող մարդը տեղեկանալով, որ թոքերի ուռուցք ունի, հենց նույն օրը հետ են կանգնում այդ վատ սովորություններից: Հարցին, թե ինչը կարող է թմրամոլության պատճառ լինել, հոգեբանը պատասխանեց. «Նրանք այս իրականության մեջ իրենց չեն տեսնում, իրական հաճույքները, կյանքի իրական իրավիճակը, շատերի համար կյանքը բացարձակ անիմաստ է, չգիտի ինչի համար է ապրում ու դիմում է ինքնասպանության՝ թմրադեղի միջոցով: Շատերի մոտ ընկած է ինքնագնահատականը, դրա համար էլ կենսաբանական դիրքորոշում ունեցող բժշկությունն այս դեպքում արդյունք չի տալիս, որովհետեւ խնդիրներն առաջին հերթին հոգեբանական են»:
Մասնագետը վստահեցրեց, որ թմրամոլության պատճառ կարող է հանդիսանալ ընտանիքը. « Օրինակ՝ հանցագործ դիրքորոշում ունեցող ընտանիքներում հաշիշ օգտագործելը հագուստի մաս են համարում, կամ էլ՝ եթե չես օգտագործում՝ լավ տղա չես»:
Անդրադառնալով դեղորայքային թմրամոլությանը՝ Սամվել Խուդոյանը վստահեցրեց, որ շատերն այդ նպատակով են օգտագործում սովորական «կարվալոլը» կամ «վալոկարդինը». «Մի քիչ շատ են օգտագործում ու…»:
Ըստ մասնագետի, խաղամոլությունը եւս կախվածություն է, որը նույնպես հոգեբանական բուժում է պահանջում. «Սա մեզ մոտ ավելի լավ է հաղթահարվում՝ մի քանի սեանսի ընթացքում, իսկ Եվրոպայում դա համարում են դժվար հաղթահարելի: Հնարավոր է՝ պատվախնդրությունն ու ամոթի զգացումն է մեզ մոտ ավելի բարձր, դա է պատճառը, որ խաղամոլությունն ավելի հեշտ է հաղթահարվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ