Լրահոս
Օրվա լրահոսը

Պանիր, կարագ ու կոնյակ չենք կարող արտահանել, լավագույն դեպքում՝ մուրաբա

Փետրվար 06,2012 15:46

Բենզին իրացնողները շահագրգռված չեն բենզինի գինը բարձրացնել, քանի որ իրենց սպառումը կնվազի: Այսօր «Սլաք» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, գազով աշխատող մեքենաները 22%-ով ավելացել են, իսկ բենզին օգտագործողների թիվը 18%-ով կրճատվել. «Ինչքան բենզինի գինը բարձրանա, այնքան գազով վառվող մեքենաներն ավելանում են»:

Ասուլիսին ներկա սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ ավելացրեց, որ գների զսպումը նաեւ կապված է նախընտրական շրջանի հետ. «Ընտրություններից հետո կլինի գնաճի նոր ալիք»:

Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունում շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը հայտնաբերել էր, որ Հայաստանի բենզալցակայաններում «ռեգուլյար» որակի բենզինը վաճառել են «սուպերի» փոխարեն, այդ առիթով ի՞նչ կասի՝ Aravot.am-ի հարցին,

պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարող այդ երեւույթին որեւէ գնահատական տալԱյդ ամենով պետք է հետաքրքրվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը»:

Սպառողների ասոցիացիայի նախագահը շարունակելով գնաճի թեման, ասաց, որ թեեւ ընդհանուր գնաճը 4.7 % է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի շատ են աճել. «Մասնավորապես` միսն ու մսամթերքը թանկացել են 10%-ով, կաթնամթերքը` 7 %-ով, ձեթը` 12%-ով, շաքարավազը` 32%-ով»: Նրա խոսքերով,գնաճը բնական երեւույթ է, սակայն պետք է այնպես անել, որ աշխատավարձերն ու թոշակներն ավելի արագ աճեն, հակառակ դեպքում` տեղի է ունենում կենսամակարդակի անկում:

Ըստ նրա, գնաճին նպաստող կարեւոր գործոններից մեկը տրանսպորտային բարձր ծախսերն են. «Աշխարհի ցանկացած կետից բեռի առաքումը մինչեւ Բաթումի ավելի էժան է, քան Բաթումիից Երեւան: Իրավիճակը կարող է մեղմվել ՎանաձորՖիոլետովո երկաթգծի կառուցմամբ, որը մոտ 260 կմով կկրճատի ԲաթումիԵրեւան երկաթգծի երկարությունը»:

Անդրադառնալով արդյունաբերության թեմային՝ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն ասաց, որ այս տարի Ազգային Ժողովն արդյունաբերության մասին օրենք կընդունի. «Առավել հավանական է, որ օրենքն ընդունի ընտրություններից հետո նոր ձեւավորված խորհրդարանը»:

Մեր այն հարցին, թե ինչ է մեր երկիրը պատրաստ արտահանել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծվելու դեպքում, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Սննդամթերք չենք կարող արտահանել, որովհետեւ նրանց գյուղատնտեսական ապրանքների գները դեմպինգային են, այսինքն՝ եթե Եվրամիությունում բյուջե է հավաքվում, դրանք ուղղվում են գյուղատնտեսությանը եւ այդ ապրանքները ստանում են դեմպինգային գներ: Կարագ չենք կարող արտահանել, որովհետեւ կարագի ավելցուկ ունենք: Չենք կարող պանիր արտահանել, որովհետեւ իրենք ունեն որակյալ պանիր: Խմիչք էլ չենք կարող արտահանել, չնայած որ ունենք կոնյակի գործարան: Կոնյակն ավելի շատ սպառվում է ռուսական շուկայում»:

Նա ասաց, որ մինչեւ հիմա եւ այսուհետեւ մենք կարող ենք հումք արտահանել, օրինակ՝ պղնձի խտանյութ. «Կարող ենք էկզոտիկ մուրաբաներ արտահանել՝ սպիտակ բալի ու պոպոքի: Բացի այդ, ոսկերչական ապրանքներ՝ թանկարժեք քարերով»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829