Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մաթեւոսյան. Ես ինձ թույլ չեմ տվել խմբագրել Սայաթ-Նովային

Փետրվար 06,2012 15:35

Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 70, եւ բեմական գործունեության 50 -ամյակին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց համերգի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը, ելույթներով հանդես կգան Երգի եւ պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» համույթը, Հանրային ռադիոյի ժողովրդական գործիքների համույթը, ինչպես նաեւ` Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, Նունե Եսայանը, Ալլա Լեւոնյանը, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը եւ այլք: Ռուբեն Մաթեւոսյանն էլ  շնորհակալություն հայտնեց իր հանդիսատեսին ջերմության համար, առանց որի այդքան զգացմունք չէր կուտակի. «Չպարծենամ, բայց 900-ից ավել երգի եմ ծնունդ տվել, երգել եմ յուրաքանչյուր հայի համար` բոլոր մայրցամաքներում»

Ժողովրդական արտիստն իրեն երջանիկ արվեստագետ է համարում. «Բոլոր երգերս եղել են նպատակային, որպեսզի մարդկանց մեջ զարգացնեն սերը, գովերգեն կնոջն ու մորը, հայրենիքը»:

Արվեստագետը անդրադառնալով այլ երգիչների կողմից կատարվող իր երգերին՝ նշեց, որ դեմ չէ, բայց կցանկանար այդ կատարումներում սխալներ չտեսնել. «Ես ինձ թույլ չեմ տվել խմբագրել Սայաթ-Նովային կամ որեւէ կոմպոզիտորի: Դասականներին զգույշ պետք է վերարտադրել»:

Հոբելյարը հավելեց, որ իր բոլոր երգերն էլ իր համար սիրելի են. «Առաջին սերս եղել է երգը, այդ պատճառով ինձ համար «Առաջին սիրո երգն» առավել կարեւոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829