Հայաստանում չկա պատասխանատու քաղաքական վերնախավ , որը երաշխավորի ազատ, ազնիվ, արդար ընտրություններ: Այսօր Քաղաքագետների միությունում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության վարչության անդամ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքերով, արդար ընտրությունների ամբողջ պատասխանատվությունը ընկած է Հայաստանի տնտեսական քաղաքական վերնախավի վրա. «Այսինքն՝ ընտրությունները չպետք է կեղծվեն եւ սրա պատասխանատվությունը քաղաքական ու բարձրագույն ղեկավարությանն է: Լավ կլիներ, որ հանրապետության նախագահը հանկարծ չգլխավորեր ցուցակը, ինչո՞ւ, որովհետեւ դա անմիջականորեն կդիտվեր ռուսական փորձի պատճենահանում, բնականաբար՝ չէր գնահատվի եւ նախագահի ինստիտուտը կարժեզրկվեր, առանձնապես նրա հեղինակության բարձրացման հարց կա»: Քաղաքագետի համոզմամբ, քաղաքական դաշտը երկբեւեռ է ՝ ՀԱԿ-ը որպես արմատական արտախորհրդարանական ընդդիմություն ու հանրապետականները. «Ըստ էության, հանրապետության 1-ին նախագահը քաղաքական գործունեության մեջ է, գործի մեջ է նաեւ հանրապետության 2-րդ նախագահը՝ Հանրապետական կուսակցությամբ: Հայաստանի 2-րդ նախագահը եւս պարտավոր է քաղաքական իրադարձություն վերադառնալ, որովհետեւ այդ դեպքում կունենանք ուժային բեւեռների տարանջատում : Կարծում եմ՝ պետք է լինի նաեւ երրորդ, չորրոդ ու ամենաօպտիմալ տարբերակը՝ հինգ բեւեռների գոյացումը, որ հանրապետությունը չպառակտվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ