Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ աստղաբան Էլյա Հովհաննիսյանի՝ մարդկությունը կվերանա 120-150 տարի անց

Փետրվար 06,2012 14:42

2012թ.-ին, ինչպես եւ անցյալ տարի, կշարունակի աճել ինքնասպանությունների թիվը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը ներկայացրեց վերոհիշյալ կանխատեսման պատճառները: Աստղաբանի համոզմամբ` մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որում ծնվածների մոտ 80 տոկոսն օժտված է պակաս մտավոր կարողություններով եւ հոգեւոր գիտակցությամբ. «Իրենք կարծում են, թե ճիշտ են մտածում, սակայն չգիտեն, որ իրենց փոխարեն իրենց ներաշխարհում ուրիշներն են մտածում: Դրա համար պետք է իմանալ բացարձակ ճշմարտությունը, որովհետեւ մոլորակները մեզ կառավարում են»:

Աստղաբանի տեղեկացմամբ` Պրազերպինա մոլորակն անցած 60 տարիների ընթացքում գտնվել է Կշեռքի համաստեղության մեջ, որը ղեկավարում է ամուսնությունները, հետեւաբար՝ 60 տարվա ընթացքում քանդվել են բոլոր անհաջող ամուսնությունները: 1987թ.-ից հետո Պրազերպինան մտել է Կարիճի համաստեղություն, որն, այսպես ասած, քանդում է մարդու գիտակցությունը. «Երբ ամուսնությունն է քանդվում , ճար կգտնվի, բայց ոչ գիտակցության դեպքում: Այդ պատճառով մարդկանց 80 տոկոսն այժմ վերջին կյանքն է ապրում երկրի վրա»,-ասաց Էլյա Հովհաննիսյանը:

Բանախոսի խոսքերով` ինքնասպանությունների աճի պատճառը Լուսնի եւ Ուրանի միջեւ առկա բացասական դիրքն է, որը մարդկանց մոտ դրսեւորվում է անհավասարակշռությամբ, հոգեկան խանգարումներով եւ մոլություններով. «Աղջիկները լաց են լինում եւ այդ վիճակն անցնում է, իսկ տղաները բռնկվում են եւ մեղքը բարդում սրա-նրա վրա: Ավելի վատ է նրանց համար, ովքեր չեն արտահայտվում եւ իրենց մեջ են պահում: Այդ շրջանում յուրաքանչյուր մանրուք կարող է մարդուն հունից հանել եւ գցել ծայրահեղության մեջ»: Պատճառն աստղաբանը համարում է Լուսնից եւ Ուրանից եկող բացասական միկրոմասնիկները, որոնք թափանցում են մարդու օրգանիզմ:

Աստղաբանը խորհուրդ տվեց առավոտյան ցնցուղ ընդունել, որպեսզի նյարդային վիճակը խաղաղվի. «Միկրոմասնիկները վախենում են տաք ջրից եւ ճանաչվելուց, այդ պատճառով մարդը պետք է «խոսի» նրանց հետ` մտքում կրկնելով. «Ես ծառայում եմ լույսին, խավարի համար ոչինչ չեմ անի: Ես ձեզ ճանաչում եմ` հեռացեք»:

Ըստ աստղաբանի` ինքնասպանությունների մյուս պատճառը Մարսի եւ Պլուտոնի բացասական դիրքն է , որի ժամանակ ծնված մարդիկ ենթարկվում են այդ մոլորակների «հարձակմանը»` արդյունքում ունենալով իշխանության անհագ եւ կործանարար ձգտում: Նրանց մոտ առաջանում են իրականում գոյություն չունեցող ըմբռնումներ, որոնց արդյունքում այդ մարդիկ ստանում են հոգեկան շեղումներ, ինքնասպան են լինում, կամ իրենք են սպանում. «Իսկ 1982-87թթ. ծնվածները եկել են օգնելու նրանց, ովքեր ծնվել եւ ծնվում են այնպիսի մակերեսային մտածողությամբ, որ անջատված է ներքին խորությունից»,-հավելեց Էլյա Հովհաննիսյանը:

Աստղաբանի խոսքերով` ինքնասպանություններն անընդհատ տեղի կունենան մինչ 2055 թիվը, իսկ 2-3 տարի հետո կավելանա հոգեկան խանգարումների եւ աղետների թիվը. «Կվերանան այն մարդիկ, ովքեր այժմ իրենց վերջին կյանքն են ապրում: Կփրկվեն նրանք, ովքեր կճանաչեն աստվածային իմաստությունը եւ տիեզերքի գաղտնիքները»:

Բանախոսը հավելեց, որ ավելի շատ պետք է զգուշանալ խանգարումներից. «Այսօր ապրողները պետք է զարգեցնեն իրենց հոգեւորը եւ օգնեն մյուս մարդկանց, իսկ մարդկությունը կվերանա 120-150 տարի անց` բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչանալուց հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829