Մոսկվայում անցկացված մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնության 100+ կգ քաշայինների եզրափակչում հանդիպեցին Ֆյոդոր եւ Ալեքսանդր Եմելյանենկո եղբայրները:
Ավագ եղբայրը՝ հանրահայտ Ֆյոդոր Եմելյանենկոն, որ մարզաձեւի աշխարհի քառակի չեմպիոնն է, ընդամենը յոթ վայրկյանում առավելության հասավ կրտսեր եղբոր նկատմամբ՝ կատարելով նախ գցում հնարքը, ապա անցնելով ձեռքի ցավեցնող հնարքի:
Եղբայրերի այս «դիմակայությունը», սակայն, սպորտի հետ կապ չուներ եւ ավելի շատ պարտադրված շոու էր: Եղբայրները (Ալեքսանդրը աշխարհի եռակի չեմպիոն է) որպես կանոն հրաժարվում են մրցագորգում միմյանց դեմ ելնել: Բայց այս անգամ նրանք դա անել պարտավոր էին. դա կանոնակարգն էր պարտադրում: Եվ նրանք խաղացին այդ շոուն: Մարտից հետո Ֆյոդորը լրատվամիջոցներին հայտարարել է. «Ալեքսանդրը միշտ էլ զիջում է ինձ»:
Նվաճելով չեմպիոնի կոչումը՝ Ֆյոդորը իրավունք ստացավ Ռուսաստանը ներկայացնել նոյեմբերին Մինսկում կայանալիք մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ